«Մադրիդը» սկսեց խոստումնալից՝ կիրառելով շնչահեղձ անող բարձր պրեսինգ, որը «Օսասունային» գամել էր սեփական կիսադաշտում: Պակասում էր վերջնական հարվածը, բայց Վինիսիուսն ակտիվ էր՝ իր վրա սևեռելով երեք մրցակցի ուշադրությունը, իսկ Մբապեի ներկայությամբ թվում էր, թե գոլը միայն ժամանակի հարց է: Այս «բուռն» սկիզբը սկսեց մարել խաղի 15-րդ րոպեից հետո:
«Օսասունան» սկսեց ելքեր գտնել և ցույց տվեց, որ եկել է հաղթանակի հետևից՝ հարձակմանը մեծ ուժեր ներգրավելով: Վիկտոր Մունյոսը անհանգստացնում էր ամեն դրվագում, իսկ Բուդիմիրի վտանգը (խաղի առաջին լուրջ պահը նրա հարվածն էր դեպի դարպասաձողը) թույլ չէր տալիս «Մադրիդին» հանգիստ լինել: Այս անդադար գրոհների ու հակագրոհների մեջ պակասում էր Մբապեի մասնակցությունը, ով ծնկի ցավեր ունի և երբեմն չէր հասնում այնտեղ, որտեղ նրան սպասում էին: Վինիսիուսի մի քանի փոխանցումներ անցան տուգանային հրապարակով, բայց չգտան Մբապեի ոտքը:
Այդպես էր վիճակը, երբ «Օսասունան» գտավ իր գոլը՝ «նոր ժամանակների» VAR-ային 11-մետրանոցի շնորհիվ: Բուդիմիրը գնում էր դեպի գնդակը, Ասենսիոն փորձեց փակել նրան, Կուրտուան դուրս եկավ դիմավորելու: Կենտրոնական պաշտպանը կասեցրեց գնդակը, բայց նույն դրվագում դարպասապահը «տրորեց» Բուդիմիրի ոտքը, ինչն էլ ազդանշան դարձավ VAR-ի սենյակի համար: Արդյունքը՝ «Օսասունան» առաջ անցավ Բուդիմիրի դիպուկ հարվածով:
Փոփոխությունները թուլացրին թիմը
«Մադրիդը» պատասխանեց երկրորդ խաղակեսում Վալվերդեի «թունելային մեքենայի» ոճով ներխուժմամբ և փոխանցմամբ այնտեղ, որտեղ սովորաբար սպասում էինք Մբապեին, բայց հայտնվեց Վինիսիուսը: Առջևում դեռ ժամանակ կար, և «Մադրիդին» կարելի էր համարել ֆավորիտ, բայց փոփոխությունները թուլացրին թիմը:
Տրենտի մուտքը Կարվախալի փոխարեն տրամաբանական էր, բայց տարօրինակ էր Գոնսալոյի մուտքը եզրայինի դիրքում, Վալվերդեի ու Կամավինգայի դուրս գալը և առավել ևս Սեբալյոսի մուտքը, ով կարճ ժամանակում բազմաթիվ սխալներ թույլ տվեց: Դրանցից մեկն էլ հնարավոր դարձրեց վերջնական 2-1 հաշիվը՝ Ռաուլ Գարսիայի գոլը, որը եզրային մրցավարը փորձեց չեղարկել իր դրոշակով, բայց VAR-ը հաստատեց:
Հաղթեց նա, ով արժանի էր՝ շնորհիվ կայունության, համառության և երիտասարդ մարզիչ Լիսչիի ճիշտ փոփոխությունների: Ինչ վերաբերում է «Մադրիդին», նրանց խաղը նման էր «անգլիական ձիու թռիչքի և էշի կանգառի»: Իսկական հիասթափություն:
«Անգլիական ձիու թռիչք և էշի կանգառ» (salida de caballo inglés y parada de burra manchega) – սա իսպանական դարձվածք է, որը նշանակում է շատ հզոր սկսել, բայց շատ վատ ու դանդաղ ավարտել:
Հայերեն