Հոդվածներ

Վերադարձ Լիսաբոն՝ քաղած դասերով
17.02.2026
500 0

Ալֆրեդո Ռելանյոյի կարծիքը

Ֆուտբոլային դևերն այնպես են տնօրինել, որ Մադրիդի «Ռեալը» ստիպված է վերադառնալ «Դա Լուժ» մարզադաշտ, երբ դեռ թարմ է այն ցավալի պարտության հիշողությունը, որը թիմին «թոփ-8»-ից գցեց այս անհարմար անորոշության մեջ։ Այդ խաղն ավարտվեց «Բենֆիկայի» դարպասապահ Տրուբինի տարօրինակ գոլով, ով իր այդ հարվածով սեփական թիմին որակավորեց այս փուլի համար։

Այդ գոլի առաջացրած ուրախությունը լիսաբոնյան ակումբում այնքան մեծ էր, որ մարզադաշտի ներսում՝ հանդերձարանի մուտքի երկու կողմերում (որն այսօր օգտագործելու են «սսերուցքայինները»), արդեն փակցված են այդ դրվագի երկու հսկա լուսանկար-որմնանկարներ։

Արդեն շատ հեռու են 60-ականները, երբ «Բենֆիկան» երեք տարվա մեջ երկու անգամ հաղթեց «Մադրիդին»՝ Էուսեբիոյի հուժկու հարվածների շնորհիվ։ Լիսաբոնյան ակումբը, ինչպես «Այաքսը», «Սելթիկը» և մի քանի այլ թիմեր, այս ընթացքում դարձել է «Բոսմանի կանոնի» զոհը, ինչը թույլ չի տալիս նրան պահել իր իսկ պատրաստած խաղացողներին։ Սակայն երեք շաբաթ առաջվա 4-2 հաշվով հաղթանակը նրանց միանգամից վերադարձրեց իրենց հին ու բարի ժամանակների հպարտությունը։

«Մադրիդը» հանդես կգա նույն կազմով, որը վերականգնեց իր դեմքը «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում, գումարած՝ Մբապեն։ Վալվերդեն ազատվել է աջ պաշտպանի պարտականություններից, և Արբելոան կարողացել է Չուամենիի ու Կամավինգայի հետ համալրել «եռյակը», որը վաղուց նախագծվել էր որպես թիմի նոր հիմնակմախք՝ հիմնված ավելի շատ ուժի, քան տեխնիկական ֆուտբոլի վրա։

Նրանց արանքում որպես «ազատ էլեկտրոն» կգործի Գյուլերը, ով հիանալի է համագործակցում Մբապեի հետ։ Բելինգեմը չկա. նրա ապաքինումն ավելի երկար կտևի, քան սկզբում հաշվարկվել էր, ինչը թուրք ֆուտբոլիստի համար երկարատև հնարավորություն է բացում։ Պաշտպանությունում արդեն կարող են խաղալ իսկական պաշտպաններ, այլ ոչ թե կիսապաշտպաններ։

Այս ամենով հանդերձ և վերացնելով հաղթանակի անհրաժեշտության այն տարբերությունը, որը զգացվում էր 4-2-ի գիշերը (երբ «Բենֆիկան» շատ բան էր վտանգում, իսկ Մադրիդը կարծում էր, թե ոչինչ չի վտանգում), իրավիճակը պետք է այլ լինի։ Արբելոան և Մոուրինյոն փոխանակեցին սովորական քաղաքավարի ժեստերը, բայց այսօր յուրաքանչյուրը կգնա իր ճանապարհով։

Պորտուգալացին նշեց, որ իր մտահոգությունն այն է, որ «Բենֆիկան» չխաղա այնպես, ինչպես «Մադրիդը» կցանկանար։ Սա ես թարգմանում եմ այսպես՝ նա կփորձի չչարաշահել հարձակումը, որպեսզի իր թիկունքում ազատ տարածություն չթողնի, ինչն այնքան ձեռնտու է Վինիսիուսի և Մբապեի որակներին։

Այնպես որ, պատկերացնում եմ զուսպ խաղ, որտեղ կողմերից ոչ մեկը դուրս չի գա վերջնականապես լուծելու դիմակայության ելքը, որի երկրորդ արարը կվայելենք ամսի 25-ին, «Բեռնաբեուում»։