Հոդվածներ

Երկու իրականությունների միջև
13.02.2026
425 0

«Ռեալի» կախվածությունը Մբապեից սեղմում է մադրիդյան սաների հնարավորությունների սահմանը: Գոնսալոն փայլում է, երբ թիմի միակ հարձակվողն է, բայց «մարում է», երբ կիսում է ուշադրությունը ֆրանսիացու հետ

Գոնսալո Գարսիան լավ գիտի, թե ինչ է նշանակում ապրել երկու իրականությունների միջև: Ակումբային աշխարհի առաջնությունը նրա համար մի դուռ բացեց, որը կարծես փակ էր: Մինչ նա մտածում էր իր ապագայի մասին, Մբապեն վիրուսի պատճառով դուրս մնաց շարքից, և հանկարծ «9» համարի դիրքը դարձավ նրանը: Եվ նա արդարացրեց սպասելիքները:

Գոնսալոն, երբ իրեն զգում է թիմի գլխավոր հարձակվողը և տիրում է տուգանային հրապարակին, արդյունք է տալիս: Թվերը խոսուն են. առանց Մբապեի՝ 10 գոլ 800 րոպեում, Մբապեի հետ՝ 0 գոլ 574 րոպեում: Սա սառը վիճակագրություն է, որը գծում է անհարմար իրականությունը:

Ջախջախիչ փաստ

Մբապեն ոչ մի բանում մեղավոր չէ: Ընդհակառակը, նրա մրցաշրջանը հիասքանչ է՝ գրեթե մեկ գոլ յուրաքանչյուր խաղում: Բայց նրա ներկայությունը զբաղեցնում է ամբողջ տարածությունը: Խաղը պտտվում է նրա շուրջը, և այդ էկոհամակարգում Գոնսալոն դեռ չի գտել իր տեղը:

Հենց ինքը՝ հարձակվողը, սա ընդունում է բնականոն կերպով. «Ի վերջո, ճիշտ է, որ քիչ րոպեներ եմ ստանում, որովհետև իմ առջև Մբապեն է, ով տպավորիչ մրցաշրջան է անցկացնում: Նա աշխարհի լավագույն խաղացողն է: Ես պետք է կենտրոնանամ իմ վրա և տամ առավելագույնը մարզումների ժամանակ»:

Պայքար՝ Մբապեի ստվերում

2026 թվականին, երբ Էնդրիկը վարձավճարով տեղափոխվեց «Լիոն», իսպանացի Գոնսալոն տարվա սկզբին փայլեց՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ «Բետիսի» դեմ խաղում (երբ Մբապեն շարքից դուրս էր): Հետո եկավ Իսպանիայի սուպերգավաթը Ջիդայում. «Բարսելոնայի» դեմ եզրափակչում, երբ Մբապեն պահեստայինների նստարանին էր, Գոնսալոն դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ հենց առաջին խաղակեսում:

Սակայն հենց Մբապեն վերադառնում է խաղադաշտ, Գոնսալոն նորից դադարում է գոլ խփել: Թիմային վիճակագրությունը ևս հաստատում է սա. Մբապեն խփել է թիմի 77 գոլերից 38-ը: «Մբապեից կախվածությունը» ակնհայտ է: Երբ թիմը սովորում է միշտ նայել նույն ուղղությամբ, մյուսները մնում են ստվերում:

«Սա «Ռեալ Մադրիդն» է, և ես գիտեմ, որ Մբապեի բնական փոխարինողն եմ»,– բացատրում է Գոնսալոն այն մարդու հասունությամբ, ով հասկանում է, թե որտեղ է գտնվում: