Հոդվածներ

Կարվախալի առեղծվածը
07.02.2026
740 0

Ավագը արդեն 9 խաղ անընդմեջ մնում է պահեստայինների նստարանին, թեև տեսականորեն պատրաստ է խաղալ 2026-ի սկզբից։ Նրա պայմանագիրն ավարտվում է հունիսին, և ապագան օդից կախված է։

Դանի Կարվախալի դեպքը իսկական առեղծված է. «Ռեալի» աջ պաշտպանն արդեն մեկ ամիս է, ինչ լիովին ապաքինվել է վնասվածքից և ընդգրկվում է հայտացուցակներում, բայց դեռ չի հայտնվում մեկնարկային կազմում։ Եվ դա հնարավորությունների պակասի պատճառով չէ. 2026 թվականին նա 9 անգամ եղել է պահեստայինների նստարանին (նույնքան խաղ, որքան անցկացրել է թիմը այս տարի), սակայն 7 դեպքում ընդհանրապես դաշտ դուրս չի եկել, իսկ մյուս 2 խաղերում ստացել է ընդամենը 14 և 13 րոպե։

Թղթի վրա ամեն ինչ նման է չափազանցված զգուշության՝ նախ Խաբի Ալոնսոյի, իսկ հիմա՝ Արբելոայի կողմից, որպեսզի պահպանեն Կարվախալի ֆիզիկական վիճակը։ Անցյալ մրցաշրջանում նա ծնկի կապանների ծանր վնասվածք էր ստացել, իսկ այս տարի արդեն երկու անգամ վնասվել է՝ բաց թողնելով 16 խաղ։ Քանի որ Վալվերդեն լավ էր հանդես գալիս այդ դիրքում, Արբելոան շտապելու կարիք չուներ։

Կարվախալի ուղերձը

Սակայն ֆուտբոլիստն ինքը կարծես թե արդեն պատրաստ է։ «Ռայոյի» դեմ հաղթանակից հետո նա սոցցանցերում տեղադրեց իր լուսանկարը մարզասրահից՝ հետևյալ գրությամբ. «Համբերությունը ոչ թե սպասելու կարողությունն է, այլ սպասելու ընթացքում լավ տրամադրվածություն պահպանելու հմտությունը»։

Ակումբում լուրեր են պտտվում, որ «Մեստալյայում» Արբելոան վերջապես կօգտագործի իր երկու մասնագիտացված աջ պաշտպաններին։ Քանի որ Տրենտը նոր է վերադառնում հայտացուցակ, տրամաբանությունը հուշում է, որ Կարվախալը առավելություն ունի մեկնարկային կազմում հայտնվելու համար, ինչը թույլ կտա Վալվերդեին վերադառնալ կիսապաշտպանություն։

Պայմանագիրը և Աշխարհի առաջնությունը

Ոչինչ դեռ որոշված չէ։ Առջևում մրցաշրջանի ամենակարևոր հատվածն է, որտեղ Կարվախալը պետք է վաստակի «Ռեալում» մնալու իրավունքը։ Վալդեբեբասի մարզաբազայի առաջին քարը դրած սանը ընդամենը մի քանի ամիս ունի մինչև պայմանագրի ավարտը, և դեռևս երկարաձգման մասին նորություններ չկան։

Անցյալ տարի, ծանր վնասվածքից անմիջապես հետո, ակումբը երկարաձգեց նրա պայմանագիրը մեկ տարով՝ որպես հարգանքի տուրք նրա կարիերայի համար (նա ունի 6 Չեմպիոնների Լիգայի գավաթ)։ Այս մրցաշրջանը բարդ է ստացվում, ինչպես լինում է բոլորի մոտ խաչաձև կապանների վնասվածքից հետո։

Հիմա նա պետք է ապացուցի, որ դեռ համապատասխանում է «Ռեալի» մակարդակին և կարող է տեղ ստանալ Իսպանիայի հավաքականում՝ Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Բայց դրա համար նա նախ պետք է վերադառնա «Ռեալի» մեկնարկային կազմ, մի բան, որն ավելի երկար է ձգվում, քան սպասվում էր...