Մարզչի հերթական հեռացումը հիմնավորելու համար «թերի պատրաստվածության» մասին լուրեր տարածելը դարձել է նախագահի անփոփոխ ռազմավարությունը։ Նա նույն հաջողությամբ օգտագործում է այդ փաստարկը թե՛ Անչելոտիին հեռացնելիս (ով բոլորից շատ տիտղոսներ էր շահել), թե՛ Ռաֆա Բենիտեսին ընդամենը յոթ ամիս անց հեռացնելիս, թե՛ Զիդանի նման լեգենդի երկրորդ փուլն ավարտելիս։ Դե գիտեք՝ երբ «Ռեալը» դադարում է հաղթել, պատճառն այն է, որ բավարար չեն աշխատում։ Ամեն ինչ, միայն թե մեղքը չգցեն ֆուտբոլիստների՝ այդ հավերժ երես առածների վրա, կամ չնայեն հայելու մեջ։
Հիմա նորից նույն վիճակում ենք։ Զավեշտալին այն է, որ այն նույն խաղացողները, ովքեր այսուհետ «թռչելու են» դաշտում շնորհիվ Պինտուսի մեթոդի, մետաբոլիկ դիմակների և այդ ողջ քարոզչական գործիքակազմի, նույն մարդիկ են, ովքեր լուրեր էին տարածում, թե «հոգիները դուրս է գալիս», որովհետև Խաբի Ալոնսոն և նրա ֆիզպատրաստող Իսմայել Կամենֆորտեն Վալդեբեբասի այդ ձանձրալի մարզումների ժամանակ իրենց չափից շատ էին չարչարում։ Ի վերջո կողմնորոշվեք՝ քի՞չ էին մարզվում, թե՞ շատ։ Ինչպես ասում է առածը՝ «և՛ փչել, և՛ խմել միաժամանակ հնարավոր չէ»։
Պինտուսը, բացի հեղինակավոր մասնագետ և Ֆլորենտինոյի վստահելի մարդը լինելուց, նաև շատ հարմար «ծխածածկույթ» է, որքան էլ որ նախագահը կուրորեն հավատա նրան։ Սակայն նրա վրա դրված հույսերը չափազանցված են թվում երեք պատճառով․
Աշխատասիրության պակաս. Այս կազմի նվիրվածությունը ջանք թափելուն, մեղմ ասած, շատ հարաբերական է։ Ասում են՝ Արբելոան արդեն նկատել է դա։
Վնասվածքների համաճարակ. Պաշտպանությունում վնասվածքների շարանը դժվար թե դադարի, քանի որ հետնապահ գիծը լի է ֆիզիկապես փխրուն խաղացողներով, ովքեր նախկինում ստացած ծանր վնասվածքների պատճառով ցանկացած պահի կարող են նորից շարքից դուրս գալ՝ Ալաբա, Ռյուդիգեր, Մենդի, Միլիտաո և Կարվախալ։ Սա ո՛չ Պինտուսը կարող է ուղղել, ո՛չ էլ որևէ մեկը։
Տաղանդի և հիերարխիայի կորուստ. Վերջին տասնամյակի «Ռեալը» երբեք ֆիզիկական ագրեսիվության օրինակ չի եղել, քանի որ կարողանում էր այդ պակասը լրացնել տաղանդի հաշվին։ Բայց հիմա դա այլևս չի հերիքում։ Կազմը, որը լի է «միջին մակարդակի» խաղացողներով, ովքեր իրենց սուպերաստղ են երևակայում, աստիճանաբար կորցրել է անվիճելի հեղինակություն ունեցող ֆուտբոլիստների։
Իսկ նրանք, ովքեր մնացել են, շարունակում են պահանջել արտոնություններ, որոնց այս ցածր արդյունավետության պայմաններում արժանի են միայն եզակիները։ Բայց այս անտարբերությունն ու ծուլությունը շտկելը կամ նորից բարձրակարգ ֆուտբոլիստներ գնելը նախագահի գործն է, այլ ոչ թե ֆիզպատրաստողի։
Ուշադրություն․ Հոդվածը և դրանում տեղ գտած սուր ձևակերպումները պարտադիր չէ, որ արտահայտեն Realmadrid.am–ի կարծիքը։
Հայերեն