• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Միյատովիչը մատնանշում է «Ռեալին» կործանող գործոնները և խոսում Մբապեի մեծ թերության մասին

Հոդվածներ

Միյատովիչը մատնանշում է «Ռեալին» կործանող գործոնները և խոսում Մբապեի մեծ թերության մասին
01.02.2026
1126 0

Պրեդրագ Միյատովիչը՝ «Ռեալի» նախկին հարձակվողն ու նախկին մարզական տնօրենը, «El Larguero» հաղորդման ժամանակ կիսվել է իր մտահոգություններով Արբելոայի թիմի վերաբերյալ՝ «Բենֆիկայից» կրած 4-2 հաշվով պարտությունից հետո:

«Ես տխուր էի, բայց նախևառաջ՝ բավականին անհանգստացած: «Ռեալ Մադրիդն» ինձ վրա լավ տպավորություն չթողեց»: 

57-ամյա նախկին ֆուտբոլիստը նշել է, որ տեսել է ավելի ուժեղ, արագ ու ավելի մեծ ցանկությամբ խաղացող «Բենֆիկա»: «Չնայած արդյունքին՝ ես չտեսա մի թիմ, որը գիտի, թե ինչ է խաղում»,– հավելել է նա:

«Մադրիդը մտել է «ոչինչ չի պատահել» հոգեբանության մեջ, իսկ դա ֆուտբոլում շատ վտանգավոր է»

Միյատովիչը խոսել է այն «հին ուրվականների» մասին, որոնք հետապնդում են թիմին դեռ Խաբի Ալոնսոյի և Անչելոտտիի ժամանակներից. «Անցյալ տարի նրանք ոչինչ չնվաճեցին ու մտան մի դինամիկայի մեջ, թե՝ «կուղղենք», «ժամանակավոր է», «ոչինչ չի պատահել»: 

«Մադրիդին առաջնորդ է պակասում, իսկ գոլերը Մբապեին առաջնորդ չեն դարձնում»

Ըստ Միյատովիչի՝ դաշտում և հանդերձարանում առաջնորդի բացակայությունը խոչընդոտում է թիմին:

«Մբապեն մեծ ֆուտբոլիստ է, բայց նա առաջնորդ չէ»:

«Ես չեմ տեսնում մի առաջնորդի, ով կասի՝ «էս ի՞նչ ենք անում»: Մեկին, ինչպիսին էին Սերխիո Ռամոսը, Մոդրիչը, Բենզեման, Հիերոն կամ Ռաուլը: Իմ սերնդի առաջնորդը Ֆեռնանդո Հիերոն էր. երբ նա մի բան էր ասում, դու պետք է դա լսեիր՝ ինչ գնով էլ լիներ»:

Նա նաև հավելել է. «Ֆուտբոլիստներն իրենց այնպես են պահում, ասես աշխարհի լավագույնն են և ոչինչ չի պատահել: Չեմ տեսնում կայծ, չեմ տեսնում ոչինչ»:

«Մեղավորը նախագահը չէ. ֆուտբոլիստները պետք է սթափվեն»

Միյատովիչը չի կարծում, որ մեղավորը մարզիչներն են կամ Ֆլորենտինո Պերեսը

«Երբ Խաբի Ալոնսոն հեռացավ, ես ասացի, որ գուցե խնդիրը մարզչի մեջ չէ: Հիմա եկել է Արբելոան՝ մի մարզիչ, ով գուցե փորձառու չէ, բայց մադրիդիստ է ու ճանաչում է տունը, բայց նորից տեսնում ենք թուլացման նույն ախտանիշները: Մեղավորը նախագահը չէ. ֆուտբոլիստները պետք է սթափվեն ու հարցնեն իրենք իրենց՝ ինչպե՞ս կարող ենք լավանալ: «Բենֆիկայի» դեմ խաղում տեսնում ես՝ գնդակ են կորցնում ու կարծես չի էլ հետաքրքրում նրանց»: