Հոդվածներ

Գյուլերի համար կյանքը նույնն է մնում
31.01.2026
443 0

Թուրք ֆուտբոլիստը, ով բռնկվեց Լիսաբոնում Արբելոայի կողմից փոխարինվելիս, դեռ չի վայելում իր մարզիչների վստահությունը՝ 90 րոպե դաշտում անցկացնելու համար

Խաբի Ալոնսոյի ժամանակ Վալվերդեն ու Վինիսիուսն էին, իսկ հիմա Արդա Գյուլերն է, ով վառեց Արբելոայի դարաշրջանի առաջին «հրդեհը»: Թուրք ֆուտբոլիստին ամենևին դուր չեկավ Լիսաբոնում փոխարինվելը՝ կա՛մ հենց որոշման պատճառով, կա՛մ պահի, կա՛մ էլ երկուսը միասին: Եվ թուրքը պայթեց դաշտից դուրս գալիս:

Հեռուստախցիկները ուղիղ եթերում ֆիքսել են նրա դժգոհության բացահայտ ժեստերը: Բարկացած և մռայլ դեմքով. «Միշտ ես, միշտ ես»,– կարծես անգլերեն արտասանում է նա (ըստ հեռուստատեսային մեկնաբանների), միևնույն ժամանակ զայրույթով հանելով ձեռնոցները: Ինչևէ, Գյուլերը կրում է մի «բարդույթ», որն ուներ նաև Խաբիի օրոք. նա գրեթե երբեք խաղը մինչև վերջ ավարտին չի հասցնում, երբ դուրս է գալիս մեկնարկային կազմում:

Խաղի 79-րդ րոպեն էր, հաշիվը՝ 3։2 հօգուտ մրցակցի, և Արբելոան միանգամից սպառեց իր փոփոխությունները: Ալաբան, Սեստերոն և Բրահիմը փոխարինեցին Հաուսենին, Կարերասին և նրան: Գյուլերը, ով անկյունայինների մասնագետ է, պատրաստվում էր իրացնել հերթական հարվածը, երբ տեսավ իր համարը փոխարինման տախտակի վրա և զայրացավ: Գնդակը վերջում խաղի մեջ մտցրեց Ռոդրիգոն:

Թվերով

3 խաղ – Այսքան անգամ է Գյուլերը խաղացել ամբողջական 90 րոպե՝ այն 25 դեպքից, երբ եղել է մեկնարկային կազմում:

12 ասիստ – Այսքան գոլային փոխանցում ունի Գյուլերն այս մրցաշրջանում, որոնցից 8-ը՝ Մբապեին:

Գյուլերը (20 տ․) մարզչի փոփոխությունից ամենաշատ շահած խաղացողներից մեկն էր: Նա պահեստայիններում էր մնացել 2026-ի առաջին երեք խաղերում՝ Խաբի Ալոնսոյի վերջին օրերին: Արբելոայի գալուստով նա հաստատվեց մեկնարկային կազմում՝ 5 խաղից 4-ում լինելով հիմնական կազմի խաղացող: 

Չնայած իր զայրույթին, Գյուլերը Լիսաբոնից հեռացավ Մբապեին տված գոլային փոխանցմամբ (3։2 հաշվի ժամանակ): Դա նրա 8-րդ փոխանցումն էր ֆրանսիացի աստղին այս մրցաշրջանում և 12-րդը՝ ընդհանուր առմամբ: Նա թիմի առաջատարն է այս ցուցանիշով. Գյուլերը գոլային փոխանցում է կատարում միջինը յուրաքանչյուր 170 րոպեն մեկ, բայց այս թվերը բավարար չեղան նրան դաշտում թողնելու համար։