Հոդվածներ

«Բարսելոնան» «գողանում է» «Ռեալի» ԴՆԹ-ն
31.01.2026
569 0

«Սերուցքայինները» 10 խաղից քամբեք են արել միայն մեկում, իսկ «Բարսան՝» 16-ից 9-ը:

Ոչ վաղ անցյալում Մադրիդի «Ռեալից» վախենում էր ողջ Եվրոպան՝ իրենց քամբեքների համար: Երկու տարի առաջ, երբ նրանք վերջին անգամ դարձան Չեմպիոնների լիգայի հաղթող, դա արեցին կիսաեզրափակչում «Բավարիայի» դեմ խաղի վերջին րոպեներին «Բերնաբեուում» հաղթանակ կորզելով, երբ թվում էր, թե ամեն ինչ կորած է:

2022-ին «Մադրիդը» նվաճեց 14-րդ գավաթը, և այդ տիտղոսը հիշվում է որպես «քամբեքների Չեմպիոնների լիգա». ՊՍԺ-ն, «Չելսին» և «Սիթին» դա զգացին իրենց մաշկի վրա:

Այդ հետադարձ հաղթանակները գովաբանվում և նախանձով էին դիտվում ողջ Եվրոպայում՝ ընդգծելով «սերուցքայիններին» այդ հատուկ գենը՝ մինչև վերջ չհանձնվելու և հաղթանակի համար մինչև վերջին վայրկյանը պայքարելու կարողությունը:

Մի հատուկ ԴՆԹ, որը նշանակում էր՝ «Մադրիդին» հաղթելու համար չէիր կարող նրանց նույնիսկ մի փոքր հույս թողնել, այլապես նրանք վերջում կհաղթեին:

Քամբեքները տեղափոխվում են «Բարսելոնա»

Երկու տարի անց այդ «քամբեքների Մադրիդը», կարծես, անհետացել է: Այս մրցաշրջանի ընթացքում թիմը՝ նախ Խաբիի, իսկ հիմա՝ Արբելոայի գլխավորությամբ, 10 խաղում հայտնվել է պարտվողի դերում: Այդ խաղերից նրանք կարողացել են հաղթանակի հասնել միայն մեկում՝ Լա Լիգայի 2-րդ տուրում «Մալյորկայի» դեմ՝ «Բեռնաբեուում»: Մնացած բոլոր դեպքերում, երբ «սերուցքայինները» հաշվի մեջ հետ են մնացել, խաղն ավարտել են ոչ-ոքի կամ պարտությամբ:

«Մադրիդը» և «Բարսելոնան» նման են հաղորդակից անոթների. այն, ինչ հիմա չի ստացվում «սերուցքայինների» մոտ, ստացվում է կատալոնական մայրաքաղաքում: Այն թիմը, որն այժմ ունի «քամբեքների գենը», «Բարսան» է: Ֆլիկի թիմը դառնում է մասնագետ խաղի ընթացքը շրջելու հարցում:

Այս մրցաշրջանում «Բարսան» բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդհանուր 33 հանդիպում: Այդ խաղերի կեսում՝ 16 դեպքում, Ֆլիկի թիմը ինչ-որ պահի պարտվելիս է եղել հաշվի մեջ:

Այն, ինչ սովորական էր «Մադրիդի» համար, հիմա սովորական է դարձել «Բարսելոնայի» համար: Այդ 16 խաղերից, որտեղ «Բարսան» հաշվի մեջ հետ է եղել, «կապտանռնագույնները» կարողացել են հաղթանակի հասնել 9-ում՝ կեսից ավելին: Այս քամբեքները թույլ են տվել Ֆլիկի սաներին գլխավորել Լա Լիգայի աղյուսակը և ուղիղ ուղեգիր նվաճել դեպի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ: