Հոդվածներ

Չեմպիոնների լիգա, որը «չի հասկանում» «Ռեալին»
30.01.2026
290 0

«Արքայական» ակումբը նոր ձևաչափով երկրորդ տարին անընդմեջ կրկնում է նույն ուղին... պատճենելով նախորդ մրցաշրջանի տվյալները

«Ռեալ Մադրիդը», որը Չեմպիոնների լիգան դարձրել է իր սեփական տարածքը, կարծես մոլորվել է մրցաշարի նոր դարաշրջանում: Այս ձևաչափի երկու տարիների ընթացքում (նախ՝ Անչելոտիի, իսկ հետո՝ Խաբի Ալոնսոյի և Արբելոայի գլխավորությամբ) «սերուցքայիններին» չի հաջողվել տեղ զբաղեցնել լիգայի փուլի լավագույն ութնյակում, ինչը մեծ ակումբներից պահանջում է բացարձակ կայունություն:

Երկու մրցաշրջաններում էլ (2024/25 և 2025/26) «Ռեալին» չհաջողվեց խուսափել անցումային փուլից՝ այն լրացուցիչ փուլից, որը ՈՒԵՖԱ-ն ներդրել է մրցաշարին ավելի մեծ լարվածություն հաղորդելու համար: Այս փլեյ-օֆֆ խաղերը անցկացվում են փետրվարին՝ երկու անընդմեջ շաբաթների ընթացքում (տուն-դուրս սկզբունքով), ինչը ենթադրում է ավելի խիտ գրաֆիկ այն թիմերի համար, որոնք չեն հայտնվել թոփ-8-ում:

Անցյալ մրցաշրջանում «Ռեալը» զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը՝ վաստակելով 15 միավոր (5 հաղթանակ, 3 պարտություն և խփած-բաց թողած գոլերի +8 տարբերություն): Այս տարի թիմը կրկնել է նույն թվերը՝ 15 միավոր, 5 հաղթանակ, 3 պարտություն, թեև գոլերի տարբերությունը +9 է, իսկ վերջնական դիրքը՝ 9-րդը: Լրացուցիչ փուլում թիմը կմրցի «Բենֆիկայի» կամ «Բուդյո Գլիմտի» հետ, որի դեմ արտագնա խաղն ավելի բարդ է նորվեգական քաղաքի ցածր ջերմաստիճանի պատճառով (այսօր այնտեղ -7° է, իսկ զգացվող ջերմաստիճանը՝ -16°):

Առանց վճռորոշ հանգստի

Մինչ եվրոպական այլ գրանդներ առանց խնդիրների հարմարվում են այս Չեմպիոնների լիգային, «Մադրիդի» համար դա չափազանց դժվար է ստացվում: Սա ողբերգություն չէ, բայց ազդանշան է, որ ինչ-որ բան այնքան էլ լավ չի աշխատում: Այդուհանդերձ, ՊՍԺ-ն անցյալ տարի ապացուցեց, որ վերջին տուրում փրկվելուց և լրացուցիչ փուլում խաղալուց հետո հնարավոր է հաղթել մրցաշարը:

«Մենք չենք կարող մի օր լավ լինել, մյուս օրը՝ վատ. դա չեմպիոնական թիմի ձեռագիր չէ: Մի փոքր ցավալի է, որովհետև ուզում էինք փետրվարն օգտագործել թիմային խաղը բարելավելու համար, բայց մենք արժանի ենք այն դիրքին, որտեղ գտնվում ենք»,- մեկնաբանել է Մբապեն:

Այն վեցշաբաթյա «ազատ» ժամանակահատվածը (միայն Լա Լիգայի խաղերով), որին սպասում էր «Մադրիդը»՝ գավաթից դուրս մնալուց հետո, այլևս չկա: Այժմ թիմը պետք է կրկին պատրաստվի լրացուցիչ փուլին, մինչդեռ մյուս գրանդները հանգստանում են:

Այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Լիվերպուլը», «Արսենալը», «Բավարիան» կամ «Բարսելոնան», կարողացել են հարմարվել նոր ձևաչափին. երկու տարիներին էլ նրանք հայտնվել են թոփ-8-ում և կստանան այդ վճռորոշ հանգիստը: Իսկ «Ռեալը» Լիսաբոնում կրած պարտությունից հետո վերադառնում է փլեյ-օֆֆ՝ հաստատելով, որ իրեն դժվար է հասկանալ և հարմարվել այս նոր Չեմպիոնների լիգային: