Սանտիագո Սիգերոյի կարծիքը
Արբելոայի «Մադրիդը» (որն ամեն քայլափոխին ավելի շատ «թշնամիներ» ունի, քան Լեոնիդասը Թերմոպիլեում) շարունակում է վաստակել երեքական միավոր՝ տքնաջան աշխատելով Լա Լիգայում և Չեմպիոնների Լիգայում այն բանից հետո, երբ նոր փուլի հենց առաջին խաղում գավաթը «ջուրն ընկավ»:
Թվում է, թե դատողությունները, որոնք «Մադրիդում» միշտ անողոք են և ակնթարթային, շտապողական էին թե՛ մարզչի կարողությունների, թե՛ կազմի վերաբերյալ։ Պարզվում է՝ այս թիմն ունակ է վազել, քիչ թե շատ ակադեմիական ձևով պրեսինգ կիրառել, հաղթել մենապայքարներում և, վերջապես, պարզապես չխուսափել աշխատանքից։
Ֆրանկո Մաստանտուոնոն այս նոր ժամանակների կերպարն է։ Նա այնքան ինտենսիվ է, որ կարողանում է մոտիվացնել իր թիմակիցներին (թեկուզ միայն նրա համար, որպեսզի վերջիններս նրա հետ համեմատության մեջ վատ չերևան)։ Նա մրցունակ է, պայքարող և զուրկ չէ տաղանդից, որն ավելի ու ավելի շատ է դրսևորվում այն բանից հետո, երբ Արբելոան նրան դուրս բերեց տարօրինակ «օստրակիզմից» (մեկուսացումից), որում նա հայտնվել էր Խաբի Ալոնսոյի վերջին խաղերի ժամանակ։
Ալոնսոն ինչ-ինչ պատճառներով, հիասթափվել էր նրանից այն բանից հետո, երբ մրցաշրջանի խոստումնալից մեկնարկում հիացած էր նրանով։ Գյուլերը նույնպես կորցրել էր իր դիրքերը, որոնք այժմ վերականգնել է մեկ այլ որոշման շնորհիվ, որն ավելի շատ քաղաքական էր, քան ֆուտբոլային։ Ճիշտ է նաև, որ նրանք երկուսն էլ Արբելոայի առաջին երկու փոփոխություններն էին՝ այնպիսի որոշումներ, որոնք նվազագույնն էին վտանգում ազդեցիկ խաղացողներին նեղացնելը։
Սա վերջին բանն է, որ ուզում է «Մադրիդի» մարզիչը, ով կարողացավ նորից հավաքել մրցունակ, ինտենսիվ և էներգիայով լի թիմ։ Սա արդեն մեծ ձեռքբերում է՝ հաշվի առնելով այնտեղից, որտեղից եկել էր թիմը՝ ընդհանուր անտարբերության մի վիճակից, որն առաջացրել էր «Բեռնաբեուի» հրապարակային ծաղրը։
«Լևանտեի» դեմ այդ խաղի երկրորդ խաղակեսից ի վեր թիմը վերակազմավորվել է։ Աստղերը, հատկապես Վինիսիուսը և Բելինգեմը, վերականգնում են իրենց կարգավիճակը, Մբապեն շարունակում է հարվածել «Թորի մուրճով», իսկ պահեստայինները ամրացնում են թիմի հիմքերը։ Իսկ Մաստանտուոնոն հայտնվում է որպես այս հաճելի զարթոնքի կատարյալ մետաֆոր։
Հայերեն