Հոդվածներ

Արբելոա. «Իհարկե ես ցանկանում եմ, որ նա երկարաձգի պայմանագիրը»
23.01.2026
1594 0

Իսպանիայի առաջնության 21–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Վիլյառեալին» (25.01.2026, 00:00):

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի նախախաղային մամուլի ասուլիսը

«Վաղվա խաղը շատ կարևոր է մեզ համար։ «Վիլյառեալի» նկատմամբ հաղթանակը մեզ վստահություն կհաղորդի։ Այնուամենայնիվ, մրցակիցը շատ ուժեղ է, ուստի մեզ բարդ հանդիպում է սպասվում։ Մենք գիտենք, թե ինչպիսի ֆուտբոլ պետք է ցուցադրենք 3 միավոր վաստակելու համար. պետք է հանդես գանք մեր լավագույն մակարդակով։

Հույս ունեմ, որ «Մոնակոյի» նկատմամբ ջախջախիչ հաղթանակը շրջադարձային կլինի մեզ համար։ Ես տեսնում եմ, թե ինչպես են ֆուտբոլիստները քրտնաջան աշխատում։ Իմ տրամադրության տակ շատ մոտիվացված խաղացողներ են։

Հաղթանակի դեպքում կլռեցնե՞մ իմ հասցեին հնչող քննադատությունները։ Դա ինձ այնքան էլ չի հուզում։ Ես պարզապես ուզում եմ հաղթել «Վիլյառեալին» և տեսնել, որ իմ ֆուտբոլիստները վայելում են խաղը»։

Թիմային ոգու և տակտիկայի մասին

«Ինչպիսին եմ ուզում տեսնել իմ «Ռեա՞լը»։ Բացի տակտիկայից, ցանկանում եմ տեսնել միասնական թիմ՝ հաղթողի մտածելակերպով, որտեղ խաղացողները զոհաբերում են իրենց հանուն միմյանց, ինչպես «Մոնակոյի» հետ խաղում։ Մի խոսքով՝ թիմը պետք է մարմնավորի «Մադրիդի» բոլոր արժեքները»։

Ոչ հարազատ դիրքերում խաղացողների մասին 

«Կամավինգան, Վալվերդեն... նրանք պատրաստ են օգնել թիմին ցանկացած դիրքում և հանդերձարանում ոչ մի խնդիր չեն ստեղծում։ Առաջին իսկ օրվանից տղաները հասկացրել են, որ թիմային շահը վեր է անձնականից»։

Չեմպիոնների լիգայի 15 գավաթների մասին

«Երբ անցնում ես այդ գավաթների կողքով, զգում ես «Մադրիդի» ողջ պատմությունը։ Ես կանգ առա դրանց մոտ, որպեսզի առաջին անգամ հիանամ դրանցով որպես գլխավոր մարզիչ»։

Տրանսֆերների և Վինիսիուսի մասին

«Վինիսիուսի պայմանագրի երկարաձգումը կախված է ղեկավարությունից և իրենից, բայց ես շատ կուզեի, որ նա մնա և շարունակի պատմություն կերտել այստեղ։ Ինչ վերաբերում է նոր տրանսֆերներին, ես գոհ եմ ներկայիս կազմից։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործենք ակադեմիայի սաներին»։

Առանձին խաղացողների մասին

Բելինգեմի մասին. «Նա մեր թիմի առաջնորդն է, տաղանդավոր և հաղթողի մտածելակերպով օժտված»։

Բրահիմ Դիասի մասին. «Ուրախ եմ, որ նա վերադարձել է շարք։ Նա մոտիվացված է և կարող է օգնել թիմին տարբեր դիրքերում»։

Ռոդրիգոյի մասին. «Նա արդեն շարքին է միացել և կկարողանա խաղալ «Վիլյառեալի» դեմ»։