• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մաստանտուոնոն հունվարյան դժվարությունները դարձնում է ցատկահարթակ

Հոդվածներ

Մաստանտուոնոն հունվարյան դժվարությունները դարձնում է ցատկահարթակ
22.01.2026
426 0

Հունվարյան հայտնի դժվարությունները* («cuesta de enero») Մաստանտուոնոյի համար դարձան ցատկահարթակ։ Արգենտինացին կրկին վայելում է ֆուտբոլը թեթևությամբ՝ թողնելով հետևում աճուկային ցավերի տհաճ հետևանքները, որոնք նրան մեկ ամիս հեռու էին պահել խաղադաշտից։ Եվ նա դա արեց այն ժամանակ, երբ դրա կարիքն ամենաշատն էր զգացվում՝ այնպիսի պահի, երբ թիմային վստահությունը վտանգված էր։ Մինչ «Ռեալը» գտնվում էր անկայուն և լարված իրավիճակում, Ֆրանկոն օգտագործեց իր եզրում եղած բացակայությունները որպես ցուցափեղկ՝ իր մասին բարձրաձայն հայտարարելու համար։

Առաջին փայլատակումը եղավ Ալբասետեում, որտեղ նա գտավ գնդակը տուգանային հրապարակում և կրկին զգաց գոլի համը։ Դա չօգնեց խուսափել Սեգունդայի թիմից կրած պարտությունից, բայց անհատական պլանում նա լավ դրսևորեց իրեն։

Այնուհետև եկավ «Լևանտեի» դեմ խաղը, որտեղ նա մտավ փոխարինման երկրորդ խաղակեսում, երբ հաշիվը դեռ բացված չէր, իսկ մթնոլորտը թիմի նկատմամբ թշնամական էր։ Սուլոցներ, քննադատություն և դյուրագրգիռ երկրպագուներ։ Նա չընկրկեց։ Գյուլերի հետ միասին նա դարձավ ոգեշնչման աղբյուր` 2:0 հաշվով հաղթանակի հարցում, որի կարիքը «Ռեալն» ուներ շտապ կարգով։

Սակայն հենց «Մոնակոյի» դեմ խաղում Ֆրանկոն ավարտեց իր «քննությունը»։ Նա սկսեց արագ տեմպով՝ աջ եզրում սանձազերծված երկրաշարժի պես, ինչը հիշեցրեց, թե ինչու «Ռեալը» անցյալ ամռանը նրա համար վճարեց ավելի քան 60 միլիոն եվրո։ 55-րդ րոպեին եկավ նրա պարգևը. գոլ «վատ» ոտքով, որը նրան դարձրեց Չեմպիոնների լիգայում գոլ խփած երկրորդ ամենաերիտասարդ արգենտինացին (18 տարեկան և 159 օրական)՝ զիջելով միայն Մեսսիին։ Բայց խոսքը միայն գոլի մասին չէր. նա աշխատեց թիմի համար, մասնակցեց յուրաքանչյուր գրոհի և ցուցադրեց այնպիսի բնավորություն, որը մադրիդիստները բարձր են գնահատում։

Մաստանտուոնոն այս շաբաթների ընթացքում ապացուցեց, որ համբերությունը կարող է առաքինություն լինել, երբ այն ուղեկցվում է տաղանդով և ջանքով։ Նա «Ռիվեր Փլեյթից» եկավ ընդամենը 18 տարեկանում՝ գիտակցելով, որ պետք է անցնի եվրոպական ֆուտբոլին հարմարվելու փուլը՝ կրելով «Ռեալի» պես հսկայի մարզաշապիկը։

«Ես ո՛չ նոր Մեսսին եմ, ո՛չ էլ «Ռեալի» վատագույն ձեռքբերումը» – Ֆրանկո Մաստանտուոնո

Այս գործընթացում նա մենակ չի եղել։ Նրան աջակցել է լավ շրջապատը և հանդերձարանում կարևոր հենարան հանդիսացող Ջուդ Բելինգեմը, որը գրկաբաց ընդունեց նրան հենց առաջին օրվանից։ Չնայած որոշ խաղացողների հեռանալուն, «Ռեալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ փակեց դռները ցանկացած հետաքրքրության առաջ, քանի որ գիտի, որ իր ձեռքերում թանկարժեք քար ունի։

Չեմպիոնների լիգայում իր գոլային «մկրտությունից» հետո Մաստանտուոնոն նաև ինքնաքննադատության և անհատականության դաս տվեց խոսափողների առաջ։ «Ես ո՛չ նոր Մեսսին եմ, ո՛չ էլ «Ռեալի» վատագույն ձեռքբերումը»,– հասունությամբ հայտարարեց նա։

Նա հստակ խոսեց թիմի սխալների մասին և պաշտպանեց Վինիսիուսին սուլոցներից. «Մենք հիմար չենք, գիտենք՝ ինչն ենք սխալ անում։ Այն, ինչ եղավ Վինիի հետ, հասկանալի է, բայց արդար չէ, որ միայն նա է ստանում այդ սուլոցները»։ Ժամանակ գտնվեց նաև կատակների համար՝ բացատրելով իր նոր սանրվածքը, որը հիշեցնում է Էմինեմին. «Մյուս սանրվածքով ավելի դանդաղ ու ծանր էի, մազերիցս շուտ եմ ձանձրանում ու փորձարկումներ եմ անում»։

Հունվարը դառնում է արգենտինացու ամիսը։ Դժվարին պահերից օգուտ քաղելուց հետո նա այժմ հանդես է գալիս որպես «առաջադեմ աշակերտ»։ Սպասումը տվեց իր պտուղները, իսկ տաղանդն արեց մնացածը։ Մադրիդիստների համար այս բարդ ամսվա տատանումները նրան ծառայեցին որպես խթան խաղադաշտում։ Հաջորդ քայլը հաստատելն է, որ սա միայն սկիզբն է։


* - Հունվարյան դժվարություններ (Cuesta de enero). իսպաներեն արտահայտություն է, որը վերաբերում է այն ֆինանսական դժվարություններին, որոնք մարդիկ սովորաբար ունենում են հունվար ամսին։

Բառացիորեն այն նշանակում է «հունվարյան վերելք» (կամ՝ «հունվարյան դժվար հաղթահարելի ճանապարհ»)։

Իմաստն այն է, որ դեկտեմբերին մեծ ծախսերից հետո՝ տոներ, նվերներ, ճանապարհորդություններ, հունվարը ֆինանսապես ծանր է զգացվում․ ծախսերը մնում են, եկամուտը կարծես չի բավարարում, և ժամանակ է պետք վերականգնվելու համար։

Այս արտահայտությունը լայնորեն օգտագործվում է Իսպանիայում և Լատինական Ամերիկայում, թե՛ տնտեսական, թե՛ առօրյա խոսքում։