«Գալակտիկոսները» աստվածներ էին և հավատում էին դրան։ Երկու տասնամյակ անց մենք վերադառնում ենք նույն կետին, բայց մի կարևոր տարբերությամբ. ներկայիս «Ռեալի» խաղացողները ո՛չ նրանք են, ո՛չ էլ նրանք, ովքեր վերջին տարիներին լքել են ակումբը։ Ֆլորենտինոն նորից ընկել է նույն սխալի մեջ։ Նրանց այդքան մեծ իշխանություն տալը նշանակում է վերակենդանացնել մի հրեշի, որը պատրաստվում էր կլանել ակումբը։
Առանց Խաբի Ալոնսոյի, ում մտքով անցել էր փորձել մարզչի դեր տանել, Ֆլորենտինոն երևի կարծում էր, որ իր ֆուտբոլիստներն արդեն գոհ ու ազատագրված կլինեն։ Նոր մարզչի կամ դրա եզրագծին կանգնած մեկ այլ մարդու հետ նրանք ավելի անկաշկանդ կլինեին։ Այդքան տեսանյութեր դիտելն ու հրահանգներ լսելը ձանձրացնում է։ «Ռեալի» աստղերին պետք է թույլ տալ պարզապես դուրս գալ ու խաղալ։ Հենց այն, ինչ նրանք Ալբասետեում նորից չարեցին։
Ֆուտբոլիստներն արժանի չեն, որ այսօր նրանց ցույց տան այն տեսանյութը, թե ինչ էին անում «Կառլոս Բելմոնտե» մարզադաշտում։ Թող Արբելոան դա չանի, նա, ով չհոգնեց շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին՝ իրեն ընդունելու և խաղակոշիկները հագնելու հանձնառության համար։ Միամիտ է պետք լինել կարծելու համար, որ ատուկ Վինիսիուսին նշելը ուղղակի «մեծահոգի ժեստ» էր։ Եկեք չբարկացնենք ֆուտբոլիստներին, չէ՞ որ նրանք շատ լավն են։
Առանց Խաբիի, Արբելոայի հետ, Ֆլորենտինոն շաբաթ օրը կտեսնի, թե ինչպես են իրենց զգում մադրիդիստները։ Ասում են, թե մարզադաշտն այլևս առաջվանը չէ, որն ընդունակ էր սուլել նույնիսկ սեփական որդուն։ Մի՛ սխալվեք, մադրիդիստը դեռ այնտեղ է, և եթե նա մատնացույց է անում, ապա պատճառ կա։ Ջանք թափելը չի քննարկվում։ «Շապիկը կարող է կեղտոտվել ցեխից, քրտինքից ու արյունից, բայց երբեք՝ ամոթից»,– ինչպես ասել է Բեռնաբեուն։ Սանտիագոն։
Այն օրը, երբ «Ռեալը» հաղթեց «Բարսելոնային», Խաբի Ալոնսոն համոզվեց, որ իրական տերերը նրանք են, ովքեր դաշտում են, որովհետև այդպես են ուզում իրական ղեկավարները։ Վինիսիուսը ներկայացում սարքեց, ու դեռ պետք էր նրանից ներողություն խնդրել։ Այն ամենը, ինչ ուզում են «երես առածները», ում արդարացումներն արդեն սպառվել են։
Պետք է անկեղծ լինել. այսօրվա խաղացողները ո՛չ «գալակտիկոսներն» են, ո՛չ էլ Ռոնալդուն, Բենզեման, Կրոսը, Մոդրիչը կամ Ռամոսը։ Նրանք իրենց մասին չափազանց բարձր կարծիքի են, բայց իրականում այդպիսին չեն։ Սակայն մեծագույն խնդիրն այն է, որ նրանք չեն կարողանում լսել ճշմարտությունը և թույլ չեն տալիս, որ որևէ մեկն այն ասի իրենց։ Ավելի լավ է նրանց գոհ պահել ու տեսնել՝ այդպես «Ռեալը» կհաղթի՞ արդյոք։
Ուշադրություն․ Հոդվածը պարտադիր չէ, որ արտահայտի Realmadrid.am–ի կարծիքը։
Հայերեն