Սանիտագո Սիգուերո, Marca.com
«Ռեալ Մադրիդն» արդեն վատնել է 25/26 մրցաշրջանի համար նախատեսված իր պոտենցիալ վարկանիշի կեսը։ Ընդամենը չորս օրվա ընթացքում՝ անցած կիրակիից մինչև այս չորեքշաբթի, «սերուցքայինները» տեսան, թե ինչպես են ջրահեռացման խողովակով հեռանում այն չորս տիտղոսներից երկուսը, որոնց հավակնում էին այս տարի (գոնե թղթի վրա)։
Թեև ճգնաժամը վաղուց էր բնակություն հաստատել Վալդեբեբասում, հենց հունվարի կեսերին թիմը հասավ հատակին։ Նախ՝ ձեռքից բաց թողեց Իսպանիայի սուպերգավաթը։ Բայց այդ պարտությունը «Բարսելոնայից» էր՝ մի թիմից, որն իր ներուժով (տեսականորեն) հավասար է մադրիդյան ակումբին։ Իսկ գավաթի խաղում պարտությունը կրեցին երկրորդ դիվիզիոնի հետնապահներից մեկից, որն, ընդ որում, խաղադաշտ էր դուրս եկել պահեստայիններով։
«Ալբասետե» 3:2 «Ռեալ Մադրիդ». Արքայական գավաթի ամփոփում
Երկու հանդիպումներն էլ ավարտվեցին նույն արդյունքով՝ 3։2 հօգուտ մրցակցի, ինչը փաստում է սարսափելի պաշտպանության մասին՝ մադրիդյան այս մրցաշրջանի գլխավոր խնդիրներից մեկը։ Խաբի Ալոնսոյի փոխարինումը Ալվարո Արբելոայով, որը տեղի ունեցավ հենց այս երկու ձախողումների արանքում, չլուծեց թիմի կառուցվածքային խնդիրներից և ոչ մեկը. թույլ պաշտպանություն, անդեմ կիսապաշտպանություն և անատամ հարձակում՝ առանց Կիլիան Մբապեի (չհաշված Վինիսիուսի առանձին փայլատակումները, ինչպես Ջիդդայում)։
Ի պաշտպանություն Արբելոայի՝ պետք է ասել, որ նա որոշեց խաղադրույք կատարել իր «Կաստիլյայի» տղաների վրա։ Դա միայն մամուլի ասուլիսի համար արված սիրուն խոսք չէր։ Նա հենց սկզբից խաղադաշտ դուրս բերեց Խիմենեսին ու Սեստերոյին, խաղացին նաև Պալասիոսն ու Մանուել Անխելը։ Վերջիններս խաղադաշտ մտան այն րոպեներին, երբ «Ալբասետեն» վավերացնում էր լեգենդար «Ալկորկոնազոյի» 2026 թվականի տարբերակը. այս անգամ, ի տարբերություն այն ժամանակվա խայտառակության, առանց «Բեռնաբեուում» իրավիճակը շտկելու հնարավորության։
Այսօրվա դրությամբ՝ հունվարի ուղիղ կեսին, «Մադրիդին» մնացել են միայն Լա Լիգան և Չեմպիոնների լիգան։ Սրանք անկասկած այն մրցաշարերն են, որոնք ամենամեծ խոչընդոտներն են խոստանում «սերուցքայինների» համար, ովքեր Իսպանիայում երկրորդն են՝ առաջատարից 4 միավորով հետ, իսկ եվրոպական «մեծ շնաձկներից»՝ դատելով վերջին ամիսների խաղից, բավականին հեռու։ Մրցաշրջանը «Բեռնաբեուի» համար կարող է շատ երկար թվալ։
Տարբեր ճանապարհ, նույն հանգրվան
Թեև դեռ շատ վաղ է եզրակացություններ անել Արբելոայի նոր փուլի մասին, փաստն այն է, որ «Մադրիդը» «Բելմոնտե» մարզադաշտում գոնե խաղային այլ պլան ուներ։ Ճիշտ է, մրցակիցն ավելի թույլ էր, քան սուպերգավաթում, բայց «Մադրիդը» տիրում էր նախաձեռնությանը և ունեցավ գրեթե 80% գնդակի տիրապետում։ Սա ոչ մի կապ չուներ Ջիդդայի խաղի հետ, որտեղ «սերուցքայինները»՝ դեռևս Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ, կարծես ընդունել էին իրենց ստորադաս լինելը «Ատլետիկոյի» և «Բարսայի» նկատմամբ։
Ալբասետեում նույն վերջաբանին հասան այլ ճանապարհով։ «Մադրիդը» ճնշում էր Երկրորդ դիվիզիոնի 17-րդ հորիզոնականում գտնվող թիմին, բայց չի կարելի ասել, թե վտանգավոր պահերի տեղատարափ էր ստեղծում։ Այս առումով պայքարը հավասար էր, բայց «Ալբան» ավելի դիպուկ գտնվեց։
Բոլոր երեք գոլերը մատնանշեցին թիմի պաշտպանական թերությունները։ «Մադրիդը», որը նախկինում եզրափակիչների անպարտելի վարպետ էր, վերջին մեկ տարում պարտվել է իր խաղացած երեք եզրափակիչներում (երկու սուպերգավաթ և մեկ արքայական գավաթ)։ Այս մրցաշրջանի համար այս երկու մրցաշարերն արդեն անցյալում են։ Մարզչական փոփոխությունից ակնկալվող արձագանքը վերածվեց հերթական լիակատար ձախողման։ Եվս մեկ ձախողում։