«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում սպասվող «էլ կլասիկոյի» նախօրեին անդրադարձել է կատալոնական ակումբի և Մադրիդի «Ռեալի» միջև առաջացած հակամարտությանը։ Ավելի վաղ պաշտոնյան հումորով էր արձագանքել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հայտարարություններին՝ կապված Նեգրեյրայի գործի հետ։
««Ռեալի» հետ հարաբերությունները վատ են, դրանք փչացած են։ Կան մի շարք խնդիրներ, որոնք մեզ հեռացրել են միմյանցից։ Եթե արդեն իսկ անհաշտ և հավերժ մրցակիցներ էինք, ապա այժմ ստեղծվել է շատ վատ իրավիճակ։ Սա չի նշանակում, որ չկա փոխադարձ հարգանք, որը պետք է պահպանվի քաղաքակիրթ ձևով, սակայն հարաբերությունները լիովին խզված են։ Ֆուտբոլում, ինչպես նաև կյանքում, ամեն ինչ հնարավոր է լուծել, սակայն դա կախված է ներգրավված կողմերի կամքից։ Այս պահին ձևավորվել է մի շարք հանգամանքների համադրություն, որը հանգեցրել է հարաբերությունների խզմանը»,— Լապորտայի խոսքերը մեջբերում է Sport.es-ը։
«Բարսելոնա» - «Ռեալ» եզրափակիչը կմեկնարկի հունվարի 11-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին։
Fanat, Realmadrid.am
Հայերեն