• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Խաբի Ալոնսո. «Վաղը մեզ պետք է Վինիսիուսն՝ իր լավագույն մարզավիճակում»

Հոդվածներ

Խաբի Ալոնսո. «Վաղը մեզ պետք է Վինիսիուսն՝ իր լավագույն մարզավիճակում»
10.01.2026
936 0

Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» Սաուդյան Արաբիայում ուժերը կչափի «Բարսելոնայի» հետ (կիրակի, 23։00)

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը

«Վաղը մեզ սպասվում է առանձնահատուկ հանդիպում։ «Բարսելոնայի» նկատմամբ հաղթանակ տանելու համար պետք է կարողանալ պայքարել եզրափակչում։ Մենք պատրաստ ենք առաջիկա հանդիպմանը։

Հասարակությունը մեզ ֆավորիտ չի՞ համարում։ Վաղը կարող է պատահել ամեն ինչ։ Մենք կենտրոնացած ենք միայն խաղի նախապատրաստության վրա։ Մենք վստահ ենք, որ վաղը կարող ենք հաղթել։ Մենք իսկապես հավատում ենք, որ մեզ կհաջողվի հաղթել «Բարսելոնային»։

Սուպերգավաթը նվաճելու դեպքում կկարողանա՞նք մի փոքր թուլանալ։ Ամենևի՛ն։ Իհարկե, եթե հաղթենք տիտղոսը, կուրախանանք, բայց կան նաև այլ գավաթներ, որոնց նվաճման համար պետք է պայքարենք։

Արդյո՞ք եզրափակիչը նման կլինի վերջին «Կլասիկոյին»։ Ո՛չ, բոլոր խաղերը տարբեր են։ Վաղը մեզ սպասվում է եզրափակիչ, խաղի դինամիկան բոլորովին այլ կլինի։ Բայց մենք պետք է հիշենք մեր անցած հանդիպումները և դասեր քաղենք դրանցից։ Մարդիկ ասում են, որ մենք շատ վատ ենք խաղում, իսկ «Բարսելոնան»՝ շատ լա՞վ։ Սա ֆուտբոլ է։ Վաղը կարող է պատահել ամեն ինչ։

Այսպես թե այնպես, կարծում եմ՝ վաղվա խաղը մեծ ազդեցություն կունենա մրցաշրջանի մնացած հատվածի վրա։ Առաջիկա «Կլասիկոն» չափազանց կարևոր է մեզ համար»։

«Մբապեն սկսել է իրեն շատ ավելի լավ զգալ։ Թիմի այսօրվա մարզումը նա կանցկացնի ընդհանուր խմբում։ Ավելի ուշ մենք կգնահատենք՝ կկարողանա՞ Կիլիանը դուրս գալ խաղադաշտ մեկնարկային կազմում «Բարսելոնայի» դեմ, թե՞ ոչ։

Ի սկզբանե մենք նախատեսում էինք, որ Մբապեն պատրաստ կլինի «Ատլետիկոյի» հետ հանդիպմանը, բայց որոշեցինք չարագացնել նրա վերադարձը։ Մենք որոշեցինք, որ եթե դուրս գանք եզրափակիչ, նա կկարողանա խաղալ։ Արդյո՞ք ռիսկի ենք դիմում Կիլիանի առողջության հարցում։ Դա հաշվարկված ռիսկ է։ Մենք անխոհեմ որոշումներ չենք կայացնում»։

«Պաշտպանների վնասվածքնե՞րը։ Դրա հետ պետք է համակերպվել։ Նման իրավիճակներում խաղալու ցանկությունը սովորաբար օգնում է հաղթահարել մկանային անհանգստությունը։ Սա եզրափակիչ է, ուստի վաղը կարող է պատահել ամեն ինչ։ Մենք կենտրոնացած ենք այն ամենի վրա, ինչ կարող ենք անել վաղը»։

«Վինիսիուսը շատ կարևոր է մեզ համար։ Նա կվերադառնա իր լավագույն մակարդակին և կրկին կվճռի խաղերի ելքերը, դա միայն ժամանակի հարց է։ Վինիսիուսը միշտ վճռորոշ դեր է խաղացել եզրափակիչներում, ուստի վաղը մեզ պետք է Վինիսիուսն իր պիկ մարզավիճակում։

Ինչպե՞ս եմ վերաբերվում Վինիսիուսի առանց գոլերի շարքին։ Յուրաքանչյուր խաղացող անհատականություն է։ Վինին էմոցիոնալ տղա է, ուստի մենք պետք է իմանանք, թե ինչպես աջակցել նրան»։

«Բարսելոնան» եզրափակչից առաջ մեկ հանգստյան օր ավելի՞ է ունեցել։ Այդպես է դասավորվել մրցաշարի վիճակահանությունը, և մենք ոչինչ չենք կարող անել։ Մենք պետք է առավելագույնս արդյունավետ օգտագործենք ունեցած ժամանակը թոփ-մրցակցի դեմ խաղին պատրաստվելու համար»։

«Մեր առաջնահերթությունը Պեդրիին և Յամալին խաղից դուրս հանե՞լն է։ «Բարսելոնայի» կազմում հանդես են գալիս բազմաթիվ թոփ-ֆուտբոլիստներ, և Պեդրին նրանցից մեկն է։ Կան նաև այլ խաղացողներ, որոնք կարևոր են կատալոնացիների կառուցվածքում։ Ուստի մենք պետք է լինենք շատ բազմակողմանի թիմ»։

«Ֆիզպատրաստության նախկին մարզիչ Պինտուսի հնարավոր վերադարձը առաջին թի՞մ։ Մեր նպատակն է ցուցադրել լավագույն արդյունքները ողջ մրցաշրջանի ընթացքում։ Վնասվածքների քանակը փոխում է խաղացողների ծանրաբեռնվածությունը։ Այսպես թե այնպես, Պինտուսն ընդգրկված է իմ մարզչական շտաբում, և մեր միջև հաստատված է գերազանց համագործակցություն»։