«Ռեալում» մտահոգված են վնասվածքների մեծ քանակով և փորձում են պարզել խնդրի աղբյուրը։ Ակումբը պատրաստվում է վերանայել ֆիզիկական պատրաստության և վերականգնման համակարգը։ Այս մասին հայտնում է AS-ը։
Ավելի վաղ ծնկի կապանների ձգման պատճառով շարքից դուրս էր մնացել Կիլիան Մբապեն․ սպասվում է, որ ֆրանսիացին բաց կթողնի մի քանի շաբաթ։ Ընդհանուր առմամբ՝ մրցաշրջանի ընթացքում «Ռեալում» գրանցվել է 23 վնասվածք։
Ակումբում փորձում են գտնել խնդրի հիմնական պատճառը և հնարավոր լուծումը, որը, ըստ ամենայնի, կապված է ֆիզիկական պատրաստության հետ։
Պատճառներից մեկի թվում նշվում է նաև ամռանն աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցությունը, ինչը հանգեցրել է նախամրցաշրջանային պատրաստության կրճատմանը։
«Չելսիի», «Մանչեսթեր Սիթիի» և ՊՍԺ-ի մոտ, որոնք նույնպես մասնակցել էին մրցաշարին, գրանցվել են վնասվածքների համադրելի ցուցանիշներ, հատկապես՝ մկանային։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ «Ռեալում» հատուկ ուշադրություն կդարձնեն հնարավոր վնասվածքների կանխարգելմանը, ինչպես նաև մարզումների և վերականգնման այնպիսի ծրագրի մշակմանը, որը թույլ կտա կանխել վնասվածքների թվի աճը։
Fanat, Realmadrid.am
Հայերեն