«Ֆենոմենը» Դուբայում կայացած World Sports Summit-ի ժամանակ գովեստի խոսքեր է շռայլել «սերուցքայինների» նախագահի հասցեին, քանի որ նա «փոխել է այս մարզաձևը բոլոր առումներով»
Ռոնալդո Նազարիոն՝ «Ֆենոմենը», անցկացրեց Դուբայի World Sports Summit-ի առաջին օրը: Բրազիլացուն նախ հարցրին թիմի սեփականատեր դառնալու նրա որոշման մասին՝ փոխանակ ֆուտբոլից հետո ընտրեր մարզչի կամ հեռուստամեկնաբանի ուղին: «Որովհետև ես մի քիչ գիժ եմ»,- կատակեց նա:
«Ռեալի» և «Ինտերի» նախկին հարձակվողը բացատրեց, որ ֆուտբոլն իր մեծ կիրքն է եղել և մնում է։
«Հիմա սիրում եմ նաև թենիս խաղալ, բայց ֆուտբոլն իմ կյանքն է։ Կարիերաս ավարտելուց երկու տարի անց Սան Պաուլուում հիմնեցի ներկայացուցչական գործակալություն։ Զբաղվում էինք Նեյմարի և այլոց գործերով, բայց երկու տարում այն սնանկացավ։ Ոչ թե վատ կառավարման պատճառով, այլ որովհետև շահույթի մարժան շատ փոքր էր»։
«Երեք տարի անց՝ 2016-ին, գնեցի մեկ այլ գործակալություն՝ Octagon Brasil-ը, որը հսկայական է ԱՄՆ-ում։ 10 տարի անց այն հիանալի է աշխատում։ 2018-ին թիմ էի փնտրում Եվրոպայում և շատ տարբերակներ ունեի։ Քանի որ ապրում էի Մադրիդում, «Վալյադոլիդը» դարձավ տարբերակ։ Ռուսաստանի աշխարհի առաջնության ժամանակ արեցի առաջարկը։ Այն ժամանակ ակումբը երկրորդ դիվիզիոնում էր։ Պայմանագիրը ստորագրելուց օրեր անց «Վալյադոլիդը» բարձրացավ առաջին դիվիզիոն։ Դա իմ առաջին հաջողությունն էր բիզնեսում»։
Ռոնալդոն հաճույքով է հիշում այդ շրջանը. «Լա Լիգան, ինչպես և Պրեմիեր Լիգան, շատ լավ կազմակերպված է։ Բայց խնդիրն այն է, որ Իսպանիայում ստիպված ես մրցել ակումբների հետ, որոնք ունեն քեզնից 3-ից 10 անգամ մեծ բյուջե։ Այդ առումով Պրեմիեր Լիգան ավելի արդար է։ Մենք ստեղծագործ էինք, գտնում էինք էժան ու լավ խաղացողների և երեք տարի անընդմեջ մնացինք Պրիմերայում։ Դա մեծ ձեռքբերում էր «Վալյադոլիդի» համար»։
Այդ ընթացքում նա սովորեց, որ «ֆուտբոլը մարդկանց համար միայն կիրք չէ, այլ կյանք։ Թափանցիկությունը 100 տոկոսանոց էր։ Հավանաբար իմ անձի պատճառով սպասելիքները չափազանց մեծ էին։ Կարծում եմ՝ լավ գործ արեցինք՝ «Վալյադոլիդին» դնելով միջազգային քարտեզի վրա։ Տոմսերի գները պահեցինք մատչելի և թարմացրինք մարզադաշտի տեսքը»։
Ֆորումի ժամանակ անդրադարձ կատարվեց նաև նրա մադրիդյան կարիերային. «Ես համալսարան չեմ գնացել, որովհետև 17 տարեկանում արդեն խաղում էի ՊՍՎ-ում։ Իմ MBA-ն (բիզնես կառավարման մագիստրոսի աստիճանը) եղել է աշխարհով մեկ խաղալը՝ սովորելով նախագահներից, մարքեթինգի և ֆինանսական տնօրեններից։ Մադրիդում հատուկ էր, որովհետև առաջին անգամ մի նախագահ փոխեց ֆուտբոլային աշխարհը բոլոր առումներով՝ Ֆլորենտինո Պերեսը, ով լավագույն նախագահն է, ում ես երբևէ ճանաչել եմ»։
Ռոնալդոն բացատրեց, որ այդ ժամանակ «Ռեալը» 300 միլիոն եվրոյի պարտք ուներ։ «Ֆլորենտինոն վաճառեց հին մարզաբազան այդ գումարով և գնեց մեկ այլ տարածք օդանավակայանի մոտ (Վալդեբեբաս)։ Նա ներդրումներ արեց մեծ խաղացողների մեջ՝ նախ Ֆիգուն, հետո Զիդանը, ես և Բեքհեմը։ Չորս «գալակտիկոսները»։ Նա փոխեց մարդկանց պատկերացումը ֆուտբոլի մասին։ Սա ֆուտբոլային ինդուստրիայի ամենամեծ փոփոխությունն էր։ Ֆլորենտինոն ինձ համար հոր պես է»։
Կատակելով նա հիշեց, որ բոլոր «գալակտիկոսներն» ունեին նույն աշխատավարձը. «Բայց ես ու Բեքհեմն ավելի շատ էինք ստանում հովանավորներից և դա կիսում էինք ակումբի հետ։ Այնպես որ, կարող եմ ասել, որ Մադրիդում խաղացել եմ անվճար (ծիծաղում է)»։ Երբ էկրանին ցուցադրեցին 2003-ին «Օլդ Թրաֆորդում» նրա հեթ-տրիկը, նա նշեց. «Դա իմ ամենահիշարժան արտագնա խաղն էր։ «Յունայթեդի» բոլոր երկրպագուները ծափահարում էին ինձ։ Բրիտանացի երկրպագուները, բրազիլացիների հետ միասին, լավագույնն են աշխարհում»։
«Թյուրիմացություն կա այն մասին, թե ես քիչ էի մարզվում։ Կարիք չկար վազելու 10 կամ 15 կմ։ Ինձ դա պետք չէր։ Ինձ պետք էր լինել շատ արագ ընդամենը 15 կամ 20 մետրի վրա»։
Խոսելով մարզումների մասին՝ նա ժպիտով ասաց. «Այն ժամանակ ինձ ստիպում էին վազել Ռոբերտո Կառլոսի և Կաֆուի հետ։ Նրանք վազում էին 10-15 կմ, բայց ինձ դա պետք չէր։ Իմ ամպլուայի համար դա անարդյունավետ էր։ Հիմա մարզումներն ավելի խելացի են ու թիրախային»։
Վերջում նա պատմեց «Կրուզեյրոյի» մասին. «Ակումբը 200 միլիոն դոլարի պարտք ուներ, և ես այդքան փող չունեի։ Բայց ես գաղափար ունեի։ Ակումբը երեք տարի երկրորդ դիվիզիոնում էր։ Առաջին իսկ տարում մենք բարձրացանք վերև և փակեցինք պարտքը։ Անցյալ տարի վաճառեցի թիմը։ Փող չաշխատեցի, բայց ակումբը փրկեցի սնանկացումից։ Ես պարտք էի նրանց, քանի որ այնտեղ եմ սկսել խաղալ»։