Ռոմարիոյի հետ հարցազրույցում Տոնի Կրոսը խոսել է իր կարիերայի, «Ռեալի» ներկա վիճակի և առաջիկա Աշխարհի առաջնության մասին։ Նա նաև կոչ է արել համբերատար լինել Խաբի Ալոնսոյի նկատմամբ, որպեսզի վերջինս կարողանա հաջողության հասնել «Արքայական ակումբում»
Կյանքը ֆուտբոլից հետո
«Ես այլևս ֆուտբոլիստ չեմ, բայց ինձ մոտ ամեն ինչ լավ է։ Կյանքիս մի փուլն ավարտվեց, բայց ես նույնքան երջանիկ եմ, որքան առաջ։ Այդ կարևոր փուլը տևեց գրեթե 30 տարի։ Հիմա ես աշխատում եմ երեխաների հետ, և կյանքը դեռ հրաշալի է։ Երբ երեխաների հետ խոսում եմ, նրանք ասում են, որ 90 րոպե ֆուտբոլ նայելն ու 0։0 հաշվով ավարտը տեսնելը շատ ձանձրալի է»։
Կարիերայի և լավագույն ակումբի մասին
«Ռեալ Մադրիդ». այստեղ ամեն ինչ պարզ է։ Ես բախտ եմ ունեցել 10 տարի խաղալ աշխարհի լավագույն ակումբում։ Մադրիդում անցկացրած ժամանակն անհավանական էր, հենց այնտեղ էի ինձ զգում ինչպես տանը։ Մենք մեծ հաջողությունների հասանք։ Ակումբը մեծ ընտանիքի պես էր։ Դրանք իմ կարիերայի լավագույն տարիներն էին»։
Խաբի Ալոնսոյի մասին
«Մարզչի համար ամենադժվարը «Ռեալ Մադրիդը» մարզելն է։ Այստեղ նույնիսկ եթե հաղթում ես, ոչ ոք չի ցնծում՝ այդպիսի թիմերը քիչ են։ Խաղը չպետք է ավարտվի ոչ-ոքի կամ պարտությամբ. այս ակումբը սովոր չէ դրան։ Մարզչին անմիջապես քննադատում են, և նա քիչ ժամանակ ունի։ Հնարավոր չէ մտածել այն մասին, թե ինչպես ես ուզում խաղալ մեկ-երկու տարի հետո, արդյունքներ են պետք հենց հիմա։ Ես համոզված եմ, որ Խաբին շատ լավն է և ունի այն որակները, որոնք անհրաժեշտ են «Մադրիդում» աշխատելու համար։ Նա հասկանում է՝ ինչ է նշանակում «Ռեալ»։ Մենք պետք է նրան ժամանակ տանք և հանգստություն պահպանենք»։
Էնդրիկի մասին
«Էնդրիկի համար ամենակարևորը խաղալն է։ Եթե «Մադրիդում» շատ խաղաժամանակ ստանալու հնարավորություն չկա, լավագույն տարբերակը վարձավճարով այլ ակումբ տեղափոխվելն է՝ փորձ ձեռք բերելու համար։ Ես նույն կերպ էի մտածում, երբ 18 տարեկան էի։ Խաղում էի «Բավարիայում», բայց որոշեցի տեղափոխվել «Լևերկուզենի Բայեր»։ Նույնն էլ Էնդրիկի պարագայում է»։
Բրազիլացիների հետ խաղալու մասին
«Նրանք ինձ միշտ դուր են եկել դեռ մանկուց։ «Մադրիդում» Վինիի, Կազեմիրոյի, Միլիտաոյի հետ միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել։ Նրանք իսկապես վայելում են կյանքը. գերմանացիներից բոլորովին տարբեր ապրելակերպ ունեն։ Ես շատ լավ էի լեզու գտնում նրանց հետ նաև դաշտից դուրս։ Եթե դրսում հարաբերությունները վատ են, դաշտում դժվար է համագործակցել։ Ես օգտվում էի Վինիի արագ վազքերից, իսկ նա՝ իմ փոխանցումներից»։
Աշխարհի առաջնության մասին
«Իսպանիան, Պորտուգալիան, Ֆրանսիան և Մարոկկոն գլխավոր ֆավորիտներն են։ Ես դեմ եմ, որ հիմա ավելի շատ թիմեր են մասնակցում։ Մենք պետք է հոգ տանենք խաղացողների և մրցաշարի որակի մասին։ Այսքան շատ թիմերի դեպքում մենք կտեսնենք խոշոր հաշվով հաղթանակներ, իսկ դա այն չէ, ինչ ուզում են տեսնել երկրպագուները։ Ինձ դուր չեն գալիս 5-0 կամ 6-0 հաշվով խաղերը։ Խաղացողները հոգնած են գալիս առաջնությանը, ինչի պատճառով մակարդակն ընկնում է»։
Բլից հարցեր
Լավագույն մարզիչը, ում հետ աշխատել ես. Կառլո Անչելոտտի, նա բոլորից լավ էր հասկանում՝ ինչպես կառավարել թոփ թիմը:
Աշխարհի լավագույն մարզադաշտը. «Բեռնաբեու»:
Լավագույն խաղը. Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը «Յուվենտուսի» դեմ:
Լավագույն ֆուտբոլիստը, ում հետ խաղացել ես. Կրիշտիանու (Ռոնալդու):
Հայերեն