Հոդվածներ

Էնդրիկի ամենածանր պահերը «Ռեալում»
27.12.2025
359 0

Բրազիլացին բախվել է դժվարին փուլերի, սակայն նրա վճռականությունն արտահայտվում է «վերադառնալու և հաղթելու» ցանկության մեջ:

Դասերը քաղվում են զարգացման ընթացքում՝ բոլոր մակարդակներում՝ թե՛ ֆուտբոլում, թե՛ կյանքում: Այն պահից սկսած, երբ Էնդրիկը ժամանեց Մադրիդի «Ռեալ», դա շարունակական ուսուցման գործընթաց էր մի երիտասարդի համար, ով ակումբ եկավ հենց 18 տարին լրանալուն պես: Դա չի նշանակում, թե ամեն ինչ դրական է եղել: Մենք երբեք չենք իմանա՝ արդյոք այն, ինչ նա ապրեց վերջին վեց ամիսների ընթացքում, օգտակար կլինի ապագայում, թե ոչ, բայց իրականությունն այն է, որ երիտասարդ, համարձակ հարձակվողը բախվել է ծայրահեղ իրավիճակների, որոնցից մի քանիսն անհնար էր նույնիսկ հասկանալ:

Առաջին հարվածը նախորդ մրցաշրջանի վերջում ստացած վնասվածքն էր, բայց ավելի ծանր էր դրա բարդացումը Միացյալ Նահանգներում՝ աշխարհի ակումբային առաջնության նախավերջին օրվա մարզման ժամանակ: Այդ ձախողումը նշանակում էր մրցաշրջանը սկսել թիմակիցներից հետ մնացած, և բացի այդ, տեսնել, թե ինչպես են փակվում հնարավոր տրանսֆերների դռները, ներառյալ «Լիոն» տեղափոխությունը, որը ձախողվեց վերջին ժամերին:

Ամենավատ պահն այն էր, երբ նա գիտակցեց, որ խաղից խաղ ինքը ոչ միայն Խաբի Ալոնսոյի ծրագրերից դուրս էր, այլև նույնիսկ չէր նախավարժանք անում եզրագծում: Նրա միակ դերը թիմակիցների խաղին հետևելն էր: Նա ոչ մի բացատրություն չէր գտնում կատարվածի համար: Հենց այդ ժամանակ թիմը համախմբվեց, և ծնվեց վանկարկումը. «Բոբին չի կարող ընկնել»: Հենց այսպես են հարձակվողին անվանում հանդերձարանում, և նրա թիմակիցները՝ նրանք, ովքեր կրում են սպիտակ մարզաշապիկը, արթնացրին խաղացողին, ով հեռանալիս հստակ հասկացրեց, որ մտադիր է վերադառնալ և հաջողության հասնել: Պատմությունը դեռ չի ավարտվել:

Դեկտեմբերի առաջին շաբաթը շրջադարձային եղավ: Ասվում էր, թե նրա առաջնահերթությունը խաղալն էր՝ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու համար: Իրականում Էնդրիկը միշտ ցանկացել է օգտակար լինել Մադրիդի «Ռեալին», բայց զգում էր, որ այդ հնարավորությունն իրենից խլում են: Նա մնում է համոզված, որ կանոնավոր խաղաժամանակի դեպքում պատմությունը բոլորովին այլ կլիներ:

Պահեստայինների նստարանի միայնությունն ու խաղաժամանակի պակասը ի վերջո նրան դրդեցին ընդունել ֆրանսիական կողմի առաջարկը և փնտրել այն, ինչ չկարողացավ գտնել Խաբի Ալոնսոյի օրոք՝ վստահություն, որն արտահայտվում է խաղադաշտում անցկացրած րոպեներով: Այն, ինչ ո՛չ նա, ո՛չ էլ «Ռեալի» շատ ներկայացուցիչներ չկարողացան լիովին հասկանալ, այն էր, որ երբ ամեն ինչ արդեն ավարտված էր, մարզիչը հանկարծ նորից հիշեց բրազիլացուն, ում ելույթները ցույց տվեցին, որ նա չի մոռացել ֆուտբոլ խաղալը: