• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կիլիան Մբապե. «Քիչ թվով խաղացողներ են ֆուտբոլը հասկանում Վինիսիուսի մակարդակով»

Հոդվածներ

Կիլիան Մբապե. «Քիչ թվով խաղացողներ են ֆուտբոլը հասկանում Վինիսիուսի մակարդակով»
27.11.2025
789 0

«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներ Կիլիան Մբապեի և Էդուարդո Կամավինգայի հետխաղյա հարցազրույցները

Մբապե. «Իմ պոկե՞րը։ Ես իսկապես 4 գոլ եմ խփել, բայց, միևնույն ժամանակ, բաց եմ թողել 2 շատ պարզ պահ, որոնք պետք է իրացնեի։

Այսպես թե այնպես, իմ պոկերը ողջ թիմի վաստակն է։ Թիմակիցներս ինձ հիանալի փոխանցումներ են կատարում, ինձ շատ է բախտ վիճակվել նրանց հետ միասին խաղալ։ Ես միշտ փորձում եմ գոլեր խփել, երբեմն դա ստացվում է, երբեմն՝ ոչ։ Բայց իմ պլանն է՝ մշտապես օգնել «Ռեալ Մադրիդին» բոլոր հնարավոր միջոցներով։

Խոսակցություններն այն մասին, որ թիմը կախված է միայն իմ գոլերի՞ց։ Դա վատ հարց է, չարժե այդպես ասել։ Դուք պետք է ասեք, որ ես պետք է գոլեր խփեմ, բայց նաև նշեք, երբ ես չեմ խփում։

Արդյոք ես հանդես եմ գալիս Ռոնալդուի մակարդակո՞վ։ Ես դեռ երկար ճանապարհ ունեմ անցնելու, որպեսզի հասնեմ նրա մակարդակին «Ռեալ Մադրիդում»։

Այսօրվա հաղթանակը շատ կարևոր էր մեզ համար, քանի որ մենք 3 անընդմեջ խաղ չէինք հաղթել։ Մեր նպատակն է հայտնվել ՉԼ-ի մրցաշարային աղյուսակի լավագույն 8-նյակում՝ ընդհանուր փուլի արդյունքներով։ «Օլիմպիակոսի» հետ խաղը ծանր ստացվեց մեզ համար, մենք վատ սկսեցինք հանդիպումը, շատ էինք կորցնում գնդակը... բայց, ի վերջո, կարողացանք հաղթել։

«Ռեալ Մադրիդի» քննադատությո՞ւնը։ Մենք վատ էինք խաղում վերջին մի քանի հանդիպումներում, իսկ երբ վատ ես դրսևորում քեզ՝ չես հաղթում։ Կարծում եմ, որ այսօր մենք ավելի լավ հանդես եկանք և ապացուցեցինք, որ պատրաստ ենք պայքարելու այս զինանշանի համար։ Սակայն, կան բաներ, որոնք մենք պետք է բարելավենք։

Մեր վրա գործադրվող ճնշումը նորմալ է այս մակարդակի ակումբի համար։ Մենք բոլորս պետք է ջանքեր գործադրենք «Ռեալ Մադրիդի» համար։ Մենք միասնական ենք և փորձում ենք անել լավագույնն այս ակումբի համար։

Բացի այդ, մենք պետք է պաշտպանենք մեր ողջ թիմին, մեր մարզչին և նրա շտաբին։ Մենք պետք է միասին լինենք, քանի որ այս մրցաշրջանում ստիպված կլինենք պայքարել բոլոր տիտղոսների համար։ Եվ մենք կանենք դա։

Վինիսիուսն անհավանական հանդիպում անցկացրեց։ Մեզ բախտ է վիճակվել, որ նա հանդես է գալիս մեզ հետ «Ռեալ Մադրիդում»։ Թիմում Վինիսիուսին ունենալը շքեղություն է։ Նրա դեմ պայքարել 90 րոպեի ընթացքում ցանկացած եզրային պաշտպանի համար մղձավանջ է։ Բացի այդ, քիչ թվով խաղացողներ են ֆուտբոլը հասկանում այնպես, ինչպես հասկանում է Վինիսիուսը»։

Կամավինգա. «Խնդիրներ մեր հանդերձարանո՞ւմ։ Այդ մասին գրում են միայն ԶԼՄ-ները։ Մեր հանդերձարանը համախմբված է, ինչպես երբեք։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի հաղթենք և օգնենք Ալոնսոյին։