Հոդվածներ

Մբապեին հետապնդող անեծքը
11.03.2026
415 0

Մադրիդ ժամանելուց ի վեր, ֆիզիկական յուրաքանչյուր խնդիր հայտնվել է ամենավատ հնարավոր պահին

Կիլիան Մբապեն երբեք «ապակյա» խաղացող չի եղել, թեև վերջին շաբաթները նրան դա ապացուցելու ոչ մի հնարավորություն չեն տվել: «Ռեալ Մադրիդում» անցկացրած մեկուկես մրցաշրջանի ընթացքում նա խաղացել է գրեթե բոլոր հանդիպումներում, գոլեր է խփել այնպիսի կանոնավորությամբ, որով քիչ հարձակվողներ կարող են պարծենալ «Արքայական ակումբի» պատմության մեջ, և նրա ֆիզիկական վիճակը, ընդհանուր առմամբ, քննարկման առարկա չի եղել: Խնդիրն այն չէ, թե ինչն է ձախողվում, այլ այն՝ թե երբ է ձախողվում: Քանի որ նրա բացակայությունների այդ փոքր ժամանակահատվածներում օրացույցն ունեցել է այնպիսի դիպուկություն, որը նույնիսկ Մբապեն չի ցուցադրում խաղադաշտում:

Ամեն անգամ, երբ նրա մարմինը դադար է խնդրել, առջևում եղել է եզրափակիչ, փլեյ-օֆֆ կամ դերբի: Բավական է վերլուծել ժամանակագրությունը: Մայրաքաղաք ժամանելուց ամիսներ անց՝ 2024-ի սեպտեմբերին, մկանային անհանգստությունը թույլ չտվեց նրան մասնակցել իր առաջին դերբիին «Ատլետիկոյի» դեմ: Նույն մրցաշրջանում «Բարսայի» դեմ Արքայական գավաթի եզրափակիչն էր. Մբապեն 100%-ով պատրաստ չէր, բայց մեկնեց թիմի հետ և դուրս եկավ փոխարինման, ինչպես նախատեսված էր:

Մադրիդը պարտվեց և փակեց անցումային մրցաշրջանը, որն ավարտվեց ԱՄՆ-ում կայացած Ակումբային աշխարհի առաջնությամբ, որտեղ ֆրանսիացին ևս մեկ հարված ստացավ: Մասնավորապես՝ գաստրոէնտերիտը (ստամոքսաբորբ), որի պատճառով նա հայտնվեց հիվանդանոցում, կորցրեց մի քանի կիլոգրամ և դուրս մնաց ամառվա ամենասպասված մրցաշարի ողջ խմբային փուլից: Մարմինը կրկին ընտրեց ամենավատ պահը:

Այս մրցաշրջանում սցենարն ավելի դաժան է դարձել: Անցյալ դեկտեմբերին «Սելտայի» դեմ լիգայի խաղում ձախ ծունկը սկսեց տագնապի նշաններ տալ: Օրեր անց «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Բեռնաբեուում» Չեմպիոնների լիգայի շրջանակներում, և Մբապեն ոչ մի րոպե ռիսկի չդիմեց՝ չնայած պարտությանը և պահեստայինների նստարանին լինելուն: Տարեվերջին ախտորոշումը հաստատեց ծնկի կապանների ձգում: Այն, ինչ հաջորդեց, մրցակցային ոգու դեմ պայքարող խաղացողի պատկերն էր: Նա բաց թողեց «Ատլետիկոյի» դեմ Սուպերգավաթի կիսաեզրափակիչը և մեկնեց եզրափակիչ՝ ի վերջո խաղալով ընդամենը 14 րոպե, երբ «Բարսան» արդեն զգում էր հաղթանակի համը: Եվս մեկ եզրափակիչ՝ անորոշության մեջ, ևս մեկ պատկեր, թե ինչպես է Մբապեն ապարդյուն ջանքեր գործադրում:

Հետ ու առաջ

Այս պատմությունը եզակի է դարձնում ոչ թե հաճախականությունը, այլ ուղղվածությունը: Մբապեն վերադարձավ, կանոնավոր գոլեր խփեց լիգայում, կարևոր դեր ունեցավ, մեկնեց Լիսաբոն՝ «Բենֆիկայի» դեմ 1/8 եզրափակչի առաջին խաղին և խաղաց: Հետո մեկնեց Պամպլոնա և պայքարեց մինչև վերջ «Էլ Սադարում»: Դա նրա վերջին ելույթն էր: Պորտուգալացիների դեմ պատասխան խաղից առաջ տեղի ունեցած մարզման ժամանակ ցավերն անտանելի դարձան, և հետազոտությունները հաստատեցին, որ վնասվածքը դեռ առկա է: Ակումբը որոշեց, որ ռիսկը չափազանց մեծ է նրան պատասխան խաղում տեսնելու համար: Այժմ, երբ նա վերադարձել է Ֆրանսիայից և «Մանչեսթեր Սիթին» սպասում է «Բեռնաբեուում», Մբապեն կրկին մեծ բացական է:

Հարձակվողը դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի մադրիդյան խաղից: Մարտի 17-ը՝ «Էթիհադում» կայանալիք պատասխան հանդիպումը, երևում է որպես վերադարձի հնարավոր ամսաթիվ, թեև ակումբի հաղորդագրությունն ավելի շատ զգուշավոր է, քան հուսադրող: Աշխարհի առաջնությունը հորիզոնում է, իսկ ծունկը՝ սահմանագծին, ուստի ոչ–ոք չի ցանկանում շտապել: Արբելոան կրկնում է, որ նա «օրեցօր լավանում է»: Հայտնի է միայն, որ Մբապեն արդեն վազում է «Վալդեբեբասի» խոտածածկին. մի պատկեր, որին մադրիդիստները կառչում են ինչպես թունելի վերջում երևացող լույսի: Որովհետև եթե կա մի հանդիպում, որտեղ նրա ներկայությունը կարող է իրավիճակը 180 աստիճանով շրջել, դա հենց հաջորդն է:


Ամենակարդացված