Ամալիո Մորատալյայի հոդվածը
Ցանկանում եմ, որ ինձ ճիշտ հասկանան. սա հնարավորություն չէ Տիբո Կուրտուայի համար, սա հնարավորություն է կազմակերպության և նրա ժյուրիի համար, որը «Ոսկե գնդակն» է շնորհում և 1963 թվականից՝ Լև Յաշինից ի վեր, որևէ դարպասապահի չի ճանաչել որպես լավագույն ֆուտբոլիստ: «Սև սարդ» մականունը կրող Յաշինի՝ որպես տիեզերական մակարդակի խաղացողի համբավը սերունդները փոխանցել են մինչև մեր օրերը:
Ես նրան խաղալիս չեմ տեսել, բայց Պեդրո Էսկարտինը, Դի Ստեֆանոն, Խենտոն, Լուիս Սուարեսը և այլք տեսել են, և հենց նրանք են ինձ պատմել ֆուտբոլային այն դարաշրջանի մասին, որից գրեթե տեսանյութեր չկան: Ես բախտ եմ ունեցել ժամերով զրուցել այդ ֆուտբոլի և այդ «սքանչելի» դարպասապահի մասին, և բոլորն ինձ հավաստիացրել են, որ նա հսկայական տաղանդ էր:
Դե ինչ, հիմա, երբ մենք արտոնություն ունենք ամեն ինչ տեսնելու՝ կրկնապատկված, դանդաղեցված, արագացված, մեկնաբանված, վերլուծված, համեմատված, վիճակագրությամբ և տեխնոլոգիական մանրադիտակով, կարծում եմ՝ պետք է շատ կուր լինել չտեսնելու համար, որ Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահը լավագույնն է աշխարհում: 33 տարեկանում և միջազգային ֆուտբոլի ամենադժվար դարպասներից մեկը պաշտպանելով՝ նա կարողանում է վստահություն հաղորդել ամբողջ թիմին: Կարծում եմ՝ ավելի քան արժանի կլիներ, որ Կուրտուան ստանար «Ոսկե գնդակը»: Դա կլիներ արդարացի և կմարեր այս մրցանակի պարտքը դարպասապահների առջև, որոնք կարծես գոյություն չունեն այս պարգևի համար:
Այսօրվա ֆուտբոլում դարպասապահը «այլմոլորակային» չէ, ով խաղում է ձեռքով, երբ բոլորը խաղում են ոտքով: Ժամանակակից ֆուտբոլի դարպասապահները սովորական ֆուտբոլիստ են, գուցե ամենակարևորներից մեկը՝ կենտրոնական պաշտպանի, հենակետային կիսապաշտպանի և հարձակվողի հետ միասին (վերջինս խփում է գոլերը, հայտնվում տեսախցիկների կենտրոնում և վերնագրերում):
Բայց առանց հուսալի դարպասապահի՝ մնացած ամեն ինչն ավելորդ է: Հետաքրքիր է, որ «Ոսկե գնդակի» պատմության մեջ, որը սկսվել է 1956-ին, միայն երեք պաշտպան են ստացել տիտղոսը՝ Ֆրանց Բեկենբաուերը (1972 և 1976), ով ցույց տվեց, թե ինչպես պետք է գնդակը խաղի մեջ մտցնել, Մաթիաս Զամերը (1996)՝ Գերմանիայի Եվրո-96-ի հաղթանակի առանցքային դեմքը, և Ֆաբիո Կանավարոն՝ Իտալիայի հետ աշխարհի չեմպիոնը:
Եզրակացություն. «Ոսկե գնդակի» տասնամյակների պատմության մեջ կա միայն չորս «հետևի գծի» խաղացող, մնացածը հնարքներ անողներն են, գոլ խփողները և նրանք, ովքեր տոնում են այդ գոլերը տեսախցիկների առջև: Ինչպես ասացի՝ Կուրտուան արժանի է դրան իր տաղանդի, որակի, առաջնորդի հատկանիշների և, որ ամենակարևորն է, այն պատճառով, որ նա հաղթում է խաղեր (և տիտղոսներ)՝ առանց իր տուգանային հրապարակից դուրս գալու: Էլ ո՞վ կարող է ավելին անել: Հարգելի՛ ժյուրիի անդամներ, եթե բաց թողնեք այս առիթը, անարդար կգտնվեք:
Հայերեն