Հոդվածներ

Արբելոա. «Հույս ունեմ՝ նա պատրաստ կլինի «Սիթիի» դեմ խաղին»
15.03.2026
99 0

Իսպանիայի առաջնության 28–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի մրցեց «Էլչեի» հետ և հաղթեց 4։1 հաշվով։

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի հետխաղային մամուլի ասուլիսը։

«Մենք շատ կարևոր հաղթանակ տարանք շատ անհարմար մրցակցի նկատմամբ՝ հաշվի առնելով նրանց մակարդակն ու խաղաոճը: Ես շատ շնորհակալ եմ ֆուտբոլիստներին իրենց նվիրվածության և հաղթելու ցանկության համար: Երեկ ես նրանց ասացի, որ մենք պետք է հաղթենք, քանի որ հակառակ դեպքում «Սիթիին» հաղթելը շատ ավելի դժվար կլինի: Եվ ի վերջո մենք կարողացանք ուժեղ գտնվել «Էլչեից»:

Ես ուզում եմ, որ բոլորն իմանան, թե որքան աշխատասեր են իմ սաները: Խաղացողները դաշտում ներդնում են իրենց 100%-ը առաջին թիմում իմ աշխատանքի հենց առաջին օրվանից: Մենք արդեն ունեցել ենք լավ պահեր, բայց մեզ պակասում է կայունությունը: Ես շատ գոհ եմ մեր աշխատանքից, սակայն մենք դեռ կարող ենք բարելավել մեր խաղը:

Թեև մենք շատ տաղանդավոր թիմ ունենք, եթե բոլորս չներդնենք մեր 100%-ը, մեզ համար դժվար կլինի հասնել հաջողության: Սակայն եթե մենք դա անենք, լավ արդյունքները իրենց սպասեցնել չեն տա»:

«Դ. Յանյեսը և Դ. Ագուադոն առաջին խաղացողներն են, ում ես սկսել եմ մարզել «Մադրիդի» ակադեմիայում: Նրանց գլխավոր թիմում ընդգրկելը իմ երազանքն էր: Սա ֆանտաստիկ նորություն է մեր ողջ կանտերայի համար: Հիմա ես կարող եմ հանգիստ հոգով մահանալ, քանի որ այսօր դաշտում տեսա մեր բոլոր սաներին, այդ թվում՝ Կարվախալին:

Ես շատ ուրախ եմ և հպարտանում եմ նրանցով: Նրանք բոլորն էլ բացառիկ տաղանդներ են, որոնք օժտված են մարտական բնավորությամբ, պատրաստվածության բարձր մակարդակով և հսկայական մրցակցային ոգով: Սա անմոռանալի օր է «Մադրիդի» երկրպագուների համար:

Կարևոր է թիմում ունենալ կանտերայի ֆուտբոլիստներ՝ հաշվի առնելով նրանց ձեռքբերումները, արժեքները և «Մադրիդի» ԴՆԹ-ն: Այսօր խաղաժամանակ ստացած սաներն ինձ հիշեցրին «Անգղների հնգյակի» (Quinta del Buitre) մասին:

Ինչպես կարող են երիտասարդ կանտերանոները հայտնվել առաջին թիմու՞մ: Մենք ունենք Նաչոյի և Կարվախալի օրինակները: Այնուամենայնիվ, ամեն դեպք անհատական է: Երբեմն այլ թոփ-ակումբ տեղափոխվելն օգնում է խաղացողին ստանալ ավելի շատ պրակտիկա, ինչին այստեղ հասնելը հեշտ չէ:

Ամեն դեպքում, ամենակարևորը «Մադրիդի» գլխավոր թիմում սաների առկայությունն է: Հուսով եմ՝ ապագայում մենք միշտ կտեսնենք ակադեմիայի ֆուտբոլիստներին առաջին թիմում»:

«Գյուլերի գո՞լը: Այդ կադրը պետք է տպել և կախել շրջանակի մեջ: Արդան անհավանական գոլ խփեց: Հանուն նման բանի այսօր յուրաքանչյուրը կարող էր 2-3 տոմս գնել տրիբունաների համար»:

«Իմ կողմից Վալվերդեի համեմատությունը Խուանիտոյի հե՞տ: Նման արդյունավետության դեպքում նրան շուտով պետք է համեմատել Ու. Սանչեսի հետ»:

«Պատասխան հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» դե՞մ (մարտի 17, Երևանի ժամանակով 00:00): Մեզ սպասվում է անհավանական բարդ հանդիպում: Մրցակիցը մեզ ստիպելու է շատ տառապել: Մենք հաշվի մեջ զգալի առավելություն ունենք, բայց չպետք է կենտրոնանանք դրա վրա:

Առաջիկա խաղում մենք պետք է ներդնենք մեր 100%-ը, լինենք առավելագույնս կենտրոնացված և դաշտ դուրս գանք հաղթելու ցանկությամբ, այլապես մեզ մեծ խնդիրներ են սպասվում»:

«Մենք շատ գոլեր ենք խփում նաև առանց Մբապեի՞: Այդ գոլերը մեզ պետք կգան նաև Կիլիանի շարք վերադառնալուց հետո: Արդյո՞ք նա կխաղա «Սիթիի» դեմ: Վաղը մենք կգնահատենք նրա վիճակը և որոշում կկայացնենք: Հուսով եմ՝ Մբապեն պատրաստ կլինի այդ հանդիպմանը»:

«Ֆրա՞նը: Ես պետք է շնորհակալություն հայտնեմ նրան, նա հիանալի պրոֆեսիոնալ է: Հեշտ չէ անել այն, ինչ Ֆրանն անում է ամենօրյա ռեժիմով՝ հաշվի առնելով կայուն պրակտիկայի բացակայությունը: Նա շատ լավ է մարզվում, միշտ գտնվում է հիանալի տրամադրության մեջ և օգնում է թիմակիցներին: Ես կցանկանայի ունենալ Ֆրանի պես 25 խաղացող»:

«Կկարողանա՞ Ասենսիոն խաղալ «Սիթիի» դեմ: Չգիտեմ»:

«Բրահիմը երջանիկ է, ինչպես և մյուս բոլոր խաղացողները, ովքեր պրակտիկա են ստանում: Ֆուտբոլիստները պետք է շատ աշխատեն, և այդ դեպքում նրանք կստանան իրենց շանսերը: Ես շատ ուրախ եմ, որ իմ տրամադրության տակ ունեմ նման խաղացող»:

«Մթնոլորտը հանդերձարանո՞ւմ: Անձամբ ես երբեք չեմ բախվել բացասական կամ թունավոր մթնոլորտի «Մադրիդում»:

«Վինիսիուսի փոխարինո՞ւմը: Դա տեղի ունեցավ առաջին անգամ: Ես շնորհակալություն հայտնեցի Վինիին դաշտում գործադրած նրա հսկայական ջանքերի համար: Այսօր նրան պետք էր հանգստանալ, քանի որ երեքշաբթի նրան նոր խաղ է սպասվում»:


Ամենակարդացված