Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։
Մենք հիանալի գիտեինք, թե ինչպես է խաղում «Մանչեսթեր Սիթին» Գվարդիոլայի օրոք և ինչի է նա միշտ ձգտում հասնել: Այդ պատճառով մենք փորձում էինք փակել փոխանցումների համար ազատ գոտիները և չդիմել անկանոն պրեսինգի:
Մենք խաղում էինք որպես միասնական թիմ և հետևում էինք մեր պլանին: Եվ մենք ունենք շատ երիտասարդ թիմ: Կարծում եմ՝ մարդիկ երբեմն մոռանում են այդ մասին»:
«Մեր խաղացողները արժանի էին այս հաղթանակին՝ հաշվի առնելով այն ամենը, ինչի միջով նրանք ստիպված եղան անցնել, ինչպես նաև նրանց տքնաջան աշխատանքի համար: Պատասխան խա՞ղը։ Մենք գիտենք, թե ինչ է մեզ սպասվում «Էթիհադում», թե որքան հիանալի մարզիչ է Գվարդիոլան, ինչպես նաև ծանոթ ենք մրցակցի կազմին:
Խաղից առաջ ես ասել էի, որ Պեպը անակնկալներ կմատուցի, և մենք դա տեսանք այսօր՝ նայելով «Սիթիի» մեկնարկային կազմին: Վստահ եմ, որ նա նույնը կանի նաև պատասխան խաղում: Մանչեսթերում մեզ սպասվում է 90 րոպե մեծ տառապանք: «Սիթիի» հետ դիմակայությունը դեռ չի ավարտվել»:
«Վալվերդեն 21-րդ դարի Խուանիտոն է: Ես արդեն հոգնել եմ Ֆեդեի մասին խոսելուց: Նա մարմնավորում է «Մադրիդի» խաղացողի բոլոր արժեքները: Այսօր նա հանդես էր գալիս միանգամից բոլոր դիրքերում: Մենք ուզում էինք, որ Վալվերդեն գործեր ավելի ագրեսիվ և կարողանար վտանգել մրցակցի դարպասը»:
«Պիտարչը ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց: Նույնը վերաբերում է նաև փոխարինման դուրս եկած Մ. Անխելին: Տեսնել, թե ինչպես են երիտասարդ ֆուտբոլիստները փայլուն կերպով ներկայացնում մեր թիմը՝ աննկարագրելի հպարտություն է ինձ համար:
Մենք պարտավոր ենք գնահատել մեր ակադեմիայի սաներին: Նրանք մեզ վրա 40-50 միլիոն եվրո չեն նստել, ի տարբերություն այլ ֆուտբոլիստների, բայց նրանք ներդնում են իրենց ողջ ուժերը հանուն «Մադրիդի»: Ինձ համար շատ հաճելի է տեսնել, թե ինչպես են սաները հանդես գալիս գլխավոր թիմում»:
«Քիչ հավանական է, որ Մենդին պատրաստ կլինի պատասխան խաղին, թեև դեռ վաղ է այդ մասին խոսելը: Նա պետք է բուժզննում անցնի»:
«Այս մրցաշրջանի համեմատությունը 15/16 մրցաշրջանի հետ, որի արդյունքում «Մադրիդը» նվաճեց Չեմպիոնների լիգա՞ն: Մենք ընդամենը մեկ խաղ ենք հաղթել, մենք դեռ նույնիսկ չենք անցել մրցաշարի հաջորդ փուլ: Այս ակումբում տոնում են տիտղոսներ նվաճելը, այլ ոչ թե առանձին խաղերում հաղթանակները»:
«Ով կլինի մեր հիմնական 11-մետրանոց իրացնողը Մբապեի բացակայության ժամանա՞կ։ Վինիսիուսը։ Ես շատ-շատ ուրախ եմ այն բանի համար, թե ինչպես «Բեռնաբեուի» երկրպագուները աջակցեցին Վինիսիուսին չիրացրած 11-մետրանոցից հետո»:
«Կուրտուա՞ն։ Ես երբեք չեմ սիրում համեմատություններ: Այդուհանդերձ, ես չգիտեմ՝ տեսել եմ արդյոք երբևէ դարպասապահի կողմից նման խաղ, թեև պատմության մեջ եղել են ցնցող դարպասապահներ։ Կարծում եմ՝ այն, ինչ մենք հիմա տեսնում ենք Տիբոյի կատարմամբ, չենք տեսել ոչ մի այլ դարպասապահից:
Մենք գիտենք, որ մեր կազմում Կուրտուայի առկայությամբ մրցակիցը պետք է կատարյալ իրականացնի բազմաթիվ գործողություններ, ներառյալ գրեթե անհնարին հարվածներ, որպեսզի գոլ խփի»:
Հայերեն