Հոդվածներ

Ինչպես Մոուրինյոն հաղթեց Արբելոային
30.01.2026
477 0

Պորտուգալացուն բավական էր պարզապես հավատարիմ մնալ իր ոճին. կարիք չեղավ ո՛չ գնդակին տիրելու, ո՛չ էլ մադրիդցիներից ավելի շատ փոխանցումներ կատարելու:

Ժոզե Մոուրինյոն անցկացրեց իր ամենահատուկ եվրոպական գիշերներից մեկը: Նա դա արեց «Բենֆիկայի» հետ՝ «Մադրիդը» մարզելուց ավելի քան տասը տարի անց: Հնարավոր է՝ նրա ոճն այդ ժամանակից ի վեր էվոլյուցիայի չի ենթարկվել, բայց այն շարունակում է արդյունք տալ:

Պորտուգալական թիմին պետք չեկավ տիրել գնդակին և առավել ևս կատարել ավելի շատ փոխանցումներ, քան «Ռեալը» (իրականում նրանք կատարեցին երկու անգամ քիչ փոխանցում), որպեսզի ավելի շատ հարվածեն դարպասին և խփեն չորս գոլ՝ խաղալով շատ լավ և զգալիորեն ավելի որակյալ, քան մրցակիցը:

«Մադրիդը» տիրում էր գնդակին (65%–ը 35%-ի դիմաց), կատարեց շատ ավելի շատ փոխանցումներ (569՝ 231-ի դիմաց) և ավելի շատ գրոհեց (68՝ 47-ի դիմաց), բայց դա չվերածվեց իրական վտանգի: Մոուն տիրում էր խաղի մնացած բոլոր տարրերին՝ բարձր ինտենսիվությամբ և հստակ պլանով՝ արագ անցումներով հակառակորդի պաշտպանությունը քանդելու համար:

Արդյունքում նրա թիմն ավելի շատ գնդակ խլեց (34՝ 29-ի դիմաց), ավելի շատ հարվածեց դարպասին (22՝ 16-ի դիմաց) և ավելի շատ վազեց, քան մրցակիցը՝ 151,9 կմ՝ Արբելոայի թիմի 141,5 կմ-ի դիմաց:

Թվերի լեզվով

«Մադրիդի» դարպասին կրկին չափազանց շատ հարվածեցին, ինչպես դա եղել էր «Մոնակոյի» դեմ խաղում (ովքեր նույնպես երկու կիլոմետր ավելի էին վազել): Չնայած 6։1 հաշվին, ֆրանսիացիները 20 անգամ էին հարվածել դարպասին, իսկ «Բենֆիկան»՝ 22 անգամ (որից 11-ը՝ դիպուկ): Գնդակին ավելի շատ տիրելն ու չհաղթելն արդեն սովորական է դարձել «Ռեալի» համար այս մրցաշրջանում:

Նրանք ավելի շատ էին տիրում գնդակին, քան «Լիվերպուլը» (1։0), կատարեցին կրկնակի շատ փոխանցումներ, բայց ստացան 17 հարված, խլեցին 9-ով պակաս գնդակ և վազեցին գրեթե 5 կմ պակաս: Տնային պարտության ժամանակ «Սիթիից» (1։2), «Մադրիդը» նորից վազել էր 7,2 կմ պակաս:

Մոուրինյոն այս տարիների ընթացքում բազմիցս խոսել է գնդակին տիրելու իր գաղափարի մասին: «Մադրիդում» նա Պեպի «Բարսայի» հակապատկերն էր, և նրա օրոք «Ռեալը» կարողացավ մրցակցել ու հաղթել պատմության լավագույն «Բարսելոնային»:

«Շատերը կարծում են, որ գնդակին ավելի շատ տիրող թիմն այն թիմն է, որը գերիշխում է, բայց դա կախված է նրանից, թե ինչպես ես նայում հարցին: Առանց գնդակի թիմը նույնպես կարող է վերահսկել խաղը: Որոշ մարզիչների համար այդ տիրապետման ոճը ավելի շատ PR-ի և իմիջի հարց է»,- նշել է նա: