Հոդվածներ

Արբելոա. «Մենք դեռ հեռու ենք մեր խաղային պոտենցիալից»
25.01.2026
419 0

Իսպանիայի առաջնության 21–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»։

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի հետխաղյա մամուլի ասուլիսը

«Ես շատ հպարտ եմ իմ խաղացողներով։ «Վիլյառեալի» նկատմամբ հաղթանակը նրանց քրտնաջան աշխատանքի արդյունքն է, ուստի մենք պետք է շնորհակալություն հայտնենք հենց նրանց։ Ֆուտբոլիստները շատ նվիրված են գործին, մոտիվացված են, տքնաջան աշխատում են և բազում զոհողությունների են գնում հանուն թիմի։

Իմ տրամադրության տակ անհավանական խաղացողներ են։ Ես միայն պետք է մի փոքր ուղղորդեմ նրանց ճիշտ հունով և բացատրեմ, թե ինչ եմ ուզում տեսնել դաշտում։ Առայժմ մենք մարզումների համար քիչ ժամանակ ենք ունեցել, ուստի ավելի շատ զբաղվել ենք վերականգնողական վարժություններով։ Բայց ժամանակի ընթացքում մենք ավելի ու ավելի կլավանանք։

Թեև ֆուտբոլիստներն աստիճանաբար սկսում են հասկանալ, թե ինչ եմ ուզում տեսնել դաշտում, մենք դեռ աշխատելու տեղ ունենք։ Մենք դեռ շատ հեռու ենք մեր խաղային պոտենցիալից։ Դեռ շատ բան կա բարելավելու»։

«Հանրությունը վաղուց չէր տեսել «Մադրիդի» կողմից այսպիսի վստահ խաղ, ինչպիսին «Վիլյառեալի» հետ մրցավեճո՞ւմ էր։ Դուք՝ լրագրողներդ, տեսել եք այն չորեքշաբթի օրը («Մոնակոյի» դեմ խաղում)։ Մի՞թե 3 օրը ձեզ համար «վաղուց» է»։

«Մբապեն և Վինիսիուսը աշխարհի 2 լավագույն խաղացողներն են։ Ես շատ ուրախ եմ, որ նրանք մեր թիմում են։ Շատ գոհ եմ նրանց ելույթների փայլուն մակարդակից, չէ՞ որ նրանք հսկայական ջանքեր են գործադրում՝ բարձր պրեսինգ են կիրառում, օգնում են միջին գծին...

Ինձ բախտ է վիճակվել մարզել Վինիսիուսին։ Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ուստի մենք պետք է օգնենք նրան և ստեղծենք լավագույն պայմանները սեփական անձը դրսևորելու համար»։

«Առաջիկա հանդիպումը «Բենֆիկայի» հե՞տ (հունվարի 28, 23:00): «Էշտադիու դա Լուշը» միշտ էլ առանձնահատուկ մարզադաշտ կլինի մադրիդիստների համար։ Մենք ցանկանում ենք հայտնվել Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի լավագույն ութնյակում։ Դա մեր նպատակն է»։

 «Մեր խաղը հիմնված է անցումային փուլերի վրա՞։ Ես չեմ կարող գնալ իմ ֆուտբոլիստների բնական որակների դեմ։ Ես պետք է օգտագործեմ նրանց ուժեղ կողմերը իմ օգտին։ Իմ տրամադրության տակ կան շատ արագաշարժ խաղացողներ, ովքեր գերիշխում են անցումային փուլերում, ուստի մենք կօգտագործենք այդ առավելությունը»։

«Մթնոլորտը հանդերձարանու՞մ։ Մենք շատ միասնական ենք, և միայն այդպես կարող ենք տիտղոսներ նվաճել։ Մեր թիմը շատ համախմբված է, խաղացողներն օգնում և աջակցում են միմյանց, ինչպես նաև զոհողությունների են գնում։ Դա ամենակարևորն է ինձ համար. ես ղեկավարում եմ ֆանտաստիկ թիմ»։

«Արդյո՞ք թիմն առաջընթաց է ապրել իմ նշանակումից հետո, այդ թվում՝ ֆիզիկական պատրաստվածության հարցում։ Ես գիտեմ, թե դուք՝ լրագրողներդ ինչ նկատի ունեք։ Բայց ես կարող եմ խոսել միայն այն մասին, ինչ տեղի է ունենում վերջին շրջանում. թիմը լավ է աշխատում և մարզվում։

Ուրախ եմ տեսնել, թե ինչպես են ֆուտբոլիստները քրտնաջան աշխատում և ինչպես է փոխվում նրանց վերաբերմունքը գործին։ Ես ղեկավարում եմ շատ տաղանդավոր, նպատակասլաց և աշխատասեր թիմ»։