Հոդվածներ

Արբելոա. «Մադրիդում «լավ խաղալ» նշանակում է հաղթել»
13.01.2026
960 0

«Սերուցքայինների» նոր գլխավոր մարզչի առաջին մամուլի ասուլիսը

«Գլխավորել «Մադրիդի» առաջին թիմը իմ իրականացած երազանքն է։ Ես հասկանում եմ, թե ինչպիսի պատասխանատվություն է դրված իմ վրա, և դրան դիմավորում եմ մեծ խանդավառությամբ»։

 «Ալոնսոյի պաշտոնանկության մասին իմացել եմ պաշտոնական հայտարարությունից ընդամենը մի քանի րոպե առաջ։ Դրանից հետո անմիջապես զանգահարեցի նրան, և մենք երկար զրույց ունեցանք։ Ես Խաբիին ամենալավն եմ մաղթել, նա էլ՝ ինձ։ Վստահ եմ, որ նա փայլուն ապագա կունենա։

Ակումբի բոլոր ներկայացուցիչները գիտեն նրա հետ իմ ամուր ընկերության մասին։ Ես շատ եմ գնահատում ու սիրում Ալոնսոյին, և գիտեմ, որ դա փոխադարձ է։ Եվ այդպես կլինի նաև հետագայում»։

«Ես դարձել եմ «Մադրիդի» նոր լիարժեք մարզի՞չը, թե՞ միայն գլխավոր մարզչի պաշտոնակատար։ Ես ակումբի համակարգում եմ արդեն 20 տարի և կլինեմ այնքան ժամանակ, որքան կցանկանա «Մադրիդը»։ Սա իմ տունն է։ Ես շատ ուրախ եմ գլխավորել առաջին թիմը, որի կազմում հանդես են գալիս բազմաթիվ հրաշալի խաղացողներ»։

«Թիմի ներկա խնդիրնե՞րը։ Այն, ինչ քննարկել եմ Ալոնսոյի հետ, կմնա մեր միջև։ Ես անհամբերությամբ սպասում եմ իմ առաջին խաղին` «Մադրիդի» ղեկին։

Խաղացողների ոչ բավարար նվիրվածությո՞ւնը։ Մենք բոլորս վերջին խաղերում տեսանք, թե որքան համառորեն էին ֆուտբոլիստները պայքարում Իսպանիայի սուպերգավաթում հաղթելու համար։ Իմ տրամադրության տակ կան գերազանց խաղացողներ, որոնք պատրաստ են բացարձակապես ամեն ինչի։

Չմոռանանք, որ մեր կազմում դեռ հանդես են գալիս ֆուտբոլիստներ, ովքեր նվաճել են 6 Չեմպիոնների լիգա։ Թվում է, թե դա արագ են մոռանում, թեև հենց դա է «Մադրիդին» դարձրել պատմության լավագույն ակումբը։

Մեր ֆուտբոլիստները 100%-ով նվիրված են «Մադրիդին»։ Մի մոռացեք, թե որքան տիտղոսներ են նվաճել այս ֆուտբոլիստները։ Հնարավոր չէ հաղթել այդքան տիտղոս, եթե չլինես նպատակասլաց»։

«Ինչպես կառավարել էգոիստ խաղացողների՞ն։ Դա ինձ չի անհանգստացնում։ Ես ունեմ հրաշալի ֆուտբոլիստներ, և դա վերաբերում է ոչ միայն խաղային մակարդակին, այլև նրանց մտածելակերպին. նրանցից ոչ մեկը էգոիստ չէ և կենտրոնացած չէ իր վրա։ Բոլորն էլ ուզում են հաղթել։ Ես ինքս խաղացել եմ «Մադրիդում», ես գիտեմ՝ ինչի մասին եմ խոսում։

Առջևում դեռ երկար մրցաշրջան կա։ Մենք լավ դիրքում ենք բոլոր տիտղոսները նվաճելու համար։ Ֆուտբոլիստները շատ մոտիվացված են հաղթելու և մրցաշրջանի ընթացքը փոխելու համար»։

«Որ խաղաոճն եմ ես համարում լավը՞։ Դժվար է որևէ բան առանձնացնել «Մադրիդի» 120-ամյա պատմության մեջ։ Ես գիտեմ, թե ինչ պահանջներ են ներկայացվում «Մադրիդին», ինչ է նշանակում ցուցադրել լավ ֆուտբոլ և ինչ են ուզում տեսնել երկրպագուները։ «Մադրիդում» «լավ խաղալ» նշանակում է հաղթել։ Այս ակումբում կարևոր են միայն հաղթանակները։

Իր առաջին մամուլի ասուլիսում Ալոնսոն հայտարարել էր, որ ցանկանում է թիմից տեսնել «ռոքնռոլային» ֆուտբո՞լ։ Իմ փիլիսոփայությունը հաղթանակն է։ Նույն փիլիսոփայությունը, որը «Մադրիդին» դարձրեց պատմության ամենահաջողակ ակումբը»։

«Մադրիդի» ակադեմիան ինձ համար լավագույնն է աշխարհում։ Կանտերայի խաղացողները հասկանում են, որ հիմա հրաշալի հնարավորություն ունեն աշխատելու ինձ հետ գլխավոր թիմում»։

«Ես միշտ շատ մտերիմ հարաբերություններ եմ ունեցել Մոուրինյոյի հետ, ինձ համար մեծ պատիվ էր խաղալ նրա ղեկավարությամբ, բայց ես դեռ չեմ խոսել նրա հետ «Մադրիդի» մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո։

Ժոզեն շատ է ազդել ինձ վրա։ Բայց ես չեմ պատրաստվում նմանվել նրան, ես կլինեմ ինքս ինձնով, ես չեմ վախենում ձախողումներից։ Եթե ես փորձեի նմանվել Մոուրինյոյին, ես կկրեի ջախջախիչ պարտություն»։

«Ինչպես ենք պատրաստվում «Ալբասետեի» դեմ խաղի՞ն։ Բախտս անչափ բերել է, որ Պինտուսն իմ շտաբում է։ Նա շատ լավ գիտի խաղացողներին, իսկ մենք գիտենք, որ Անտոնիոյի աշխատանքի մեթոդները արդյունք են տալիս, չէ՞ որ նրա հետ աշխատած թիմերը նվաճել են 5 Չեմպիոնների լիգա»։

«Իմ կարծիքը իսպանացի մրցավարների մակարդակի մասի՞ն։ Հիմա ես չէի սպասում այս հարցին (ծիծաղում է)»։

«Վինիսիուսի արձագանքը «Կլասիկոյում» փոխարինվելո՞ւն։ Նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է։ Դա միակ բանն է, ինչի մասին մտածում եմ, երբ տեսնում եմ Վինիին։ Իմ բախտը բերել է, որ իմ տրամադրության տակ ունեմ նման ֆուտբոլիստ։ «Մադրիդի» բոլոր երկրպագուները սիրում են Վինիսիուսին։

Մենք բոլորս տեսանք նրա խաղը սուպերգավաթի եզրափակչում, և հենց այդպիսի Վինի ենք ուզում տեսնել՝ ուրախ, պարող և ծիծաղող»։

«Կփոխվի՞ որոշ խաղացողների դերը թիմում։ Ինձ հետ ամեն ինչ սկսվում է մաքուր էջից, և բոլոր ֆուտբոլիստները շատ ուրախ են այս նոր փուլի համար»։