Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանին։ Ինչպես հաղորդում է RMadrid actu հաշիվը X սոցիալական ցանցում՝ ակումբին մոտ կանգնած աղբյուրներին հղումով, «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է համոզել Զիդանին հրաժարվել Ֆրանսիայի ազգային հավաքականի հետ հնարավոր պայմանագրից։
Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Զինեդինը կարող է փոխարինել Դիդյե Դեշամին Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, քանի որ Դեշամն արդեն հայտարարել է, որ կհեռանա ազգային թիմից 2026 թվականի աշխարհի առաջնության ավարտից հետո։
Ֆրանսիացի մասնագետը նախկինում արդեն գլխավորել է «Ռեալը»՝ 2016-ից 2018 թվականներին, ինչպես նաև 2019-ից 2021 թվականներին։ Զիդանի գլխավորությամբ «Արքայական ակումբը» նվաճել է 11 տիտղոս, այդ թվում՝ Իսպանիայի առաջնության երկու տիտղոս և Չեմպիոնների լիգայի երեք գավաթ։
Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ «Ռեալն» Իսպանիայի Լա Լիգայի 18 տուրերից հետո 42 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։
Fanat, Realmadrid.am
Հայերեն