Հոդվածներ

Կիլիան Մբապե. «Մենք շատ բան ունենք ապացուցելու 2026 թվականին»
21.12.2025
672 0

Իսպանիայի առաջնության 17–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Սևիլիային»։

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապեի և դարպասապահ Տիբո Կուրտուայի հետխաղյա հարցազրույցները.

Կիլիան Մբապե. «Այսօր առանձնահատուկ օր է ինձ համար, քանի որ այսօր իմ ծննդյան օրն է: Մանկուց միշտ ասել եմ, որ ծննդյանս օրը պրոֆեսիոնալ մակարդակով խաղալը երազանք է, առավել ևս՝ իմ երազանքների թիմի կազմում:

Բացի այդ, ինձ հաջողվեց կրկնել օրացուցային տարվա ընթացքում «Ռեալ Մադրիդի» կազմում խփած գոլերի քանակով անհավանական ռեկորդը: Ես կրկնեցի Ռոնալդուի՝ այս ակումբի պատմության լավագույն խաղացողի ռեկորդը: Գոլիս տոնումը նվիրված է նրան՝ իմ ընկերոջը և կուռքին:

Ինչու իմ գոլը նվիրեցի Ռոնալդուի՞ն, որովհետև նա միշտ շատ բարի է եղել իմ հանդեպ, նա օգնեց ինձ հարմարվել «Ռեալ Մադրիդում»: Նա իմ ընկերն է: Ես հիանալի փոխհարաբերություններ ունեմ նրա հետ: Ցանկանում եմ Կրիշտիանուին և «Ռեալ Մադրիդի» բոլոր երկրպագուներին փոխանցել իմ լավագույն բարեմաղթանքները, շնորհավոր Սուրբ Ծնունդ և Ամանոր:

Հաջորդ տարի մենք կներդնենք մեր ողջ ուժերը հանուն «Ռեալ Մադրիդի» զինանշանի: Եվ մենք պետք է խաղադաշտում ապացուցենք, որ դրանք պարզապես խոսքեր չեն: Մենք շատ բան ունենք ապացուցելու: Մենք պետք է հոգատարությամբ վերաբերվենք այս ակումբի զինանշանին, եթե ցանկանում ենք մեր անունը գրել «Ռեալ Մադրիդի» մեծ պատմության մեջ:

Վերջին խաղերում հաղթանակները մեզ դժվարությամբ տրվեցին: Այժմ մենք փոքր դադար կունենանք՝ հանգստանալու և ժամանակն ընտանիքի հետ անցկացնելու համար, իսկ հետո կվերադառնանք 2026 թվականին՝ տիտղոսներ նվաճելու մեծ ցանկությամբ: Եվ մենք կսկսենք Իսպանիայի սուպերգավաթից, որին պետք է պատրաստ լինենք»:

Տիբո Կուրտուա. «Անկեղծ ասած, մենք պետք է առաջընթաց գրանցենք: Մենք կարևոր հաղթանակ տարանք, բայց պետք է բարելավենք մեր խաղը, և մենք գիտակցում ենք դա: Հուսով եմ՝ կարճ արձակուրդը մեզ օգուտ կտա, քանի որ մենք կատարելագործվելու կարիք ունենք:

Կարծում եմ՝ այսօր Մբապեն կարող էր ավելի շատ գոլեր խփել: Ամեն դեպքում, նա անհավանական ֆուտբոլիստ է:

Ինձ համար մեծ պատիվ է կրել ավագի թևկապն աշխարհի մեծագույն ակումբում: Հենց մանկուց ես երազել եմ հանդես գալ «Ռեալ Մադրիդում»: Hala Madrid!»