Հոդվածներ

Խաբի Ալոնսո. «Վստահ եմ, որ նա շուտով կընդհատի իր անգոլ շարքը»
19.12.2025
1330 0

Իսպանիայի առաջնության 17–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կմրցի «Սևիլիայի» հետ (21.12.2025, 00:00):

«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի նախախաղային մամուլի ասուլիսը։

«Մենք ցանկանում ենք լավ ավարտել տարին՝ վերջին բարդ ժամանակաշրջանից հետո տանելով 3 անընդմեջ հաղթանակ, և հաջորդ տարին սկսել հավելյալ էներգիայով ու լավատեսությամբ։

«Սևիլիան» լուրջ մրցակից է։ Նրանք ուժեղ են 1-ը 1-ի դեմ պայքարում, ինչպես նաև լավ են տիրում գնդակին։ Այնուամենայնիվ, մենք ուզում ենք, որ բոլորը հաճույք ստանան մեր խաղից»։

«Սևիլիան» արդեն 17 տարի «Սանտիագո Բեռնաբեուում» չի հաղթել «Ռեալին», իսկ վերջին անգամ, երբ դա տեղի ունեցավ, թիմի մարզիչ Շուստերին անմիջապես հեռացրեցի՞ն։ Ես այդ մասին չեմ մտածում։ Ես կենտրոնացած եմ միայն վաղվա խաղում հաղթելու վրա»։

«Արդյո՞ք կարծում եմ, որ լավ կլիներ, եթե ակումբը հրապարակավ աջակցություն հայտներ ինձ։ Անկասկած, հենց սկզբից ինձ մոտ ձևավորվել են սերտ հարաբերություններ «Ռեալ Մադրիդի» ղեկավարության հետ՝ հիմնված հարգանքի, վստահության և փոխադարձ համակրանքի վրա։ Մեր միջև խնդիրներ չկան։

Ես հասկանում եմ ակումբին ներկայացվող չափազանց բարձր պահանջները։ Մեզ սպասվում է երկար ճանապարհ, կլինեն ինչպես լավ, այնպես էլ ոչ այնքան լավ պահեր։

Երկրպագուների համբերության պակա՞սը։ Մենք գիտենք, թե ինչ է պահանջում «Ռեալ Մադրիդը»՝ փայլուն արդյունքներ, հաղթանակներ և տիտղոսներ։ Մենք բոլորս ցանկանում ենք տեսնել դա, ուստի աշխատում ենք այդ ուղղությամբ։ Անխոս, մենք բոլորս միասնական ենք՝ սկսած ակումբի նախագահից մինչև ֆուտբոլիստները»։

«Ինչ գնահատական կտամ ինձ 10-բալանոց համակարգով այս մրցաշրջանում կատարած աշխատանքի համա՞ր։ Մեր առաջնահերթությունը արդյունքներն են, իսկ հետո՝ լավագույն խաղը։ Ամեն դեպքում, գնահատականները տրվում են մրցաշրջանի վերջում։ Դեռ շատ վաղ է թիմին դատելու համար, և ես կարիք չունեմ ինքս ինձ գնահատելու»։

«Ռոդրիգոյի վերջին ելույթները հիանալի նորություն են մեզ համար։ Նա ապահովում է թիմի խաղային հավասարակշռությունը, շատ բան է տալիս մեզ, երբ վերահսկում է գնդակը, հիանալի փոխգործակցում է խաղընկերների հետ, հիանալի է խաղում գծերի միջև...

Ռոդրիգոն կարող է հանդես գալ և՛ աջից, և՛ ձախից, ինչպես նաև «տասնյակի» դիրքում։ Ես շատ ուրախ եմ նրա համար։ Նա արժանի է խաղալ նման բարձր մակարդակով»։

«Կարո՞ղ ենք օգտագործել երկու հարձակվողով սխեման։ Այո, միանշանակ, դա մեզ համար տարբերակներից մեկն է, երբ մրցակիցը խաղում է ցածր բլոկով, իսկ մեզ պետք է շրջապատել նրանց տուգանային հրապարակը։ Երբեմն մենք խաղում ենք այդ դասավորությամբ։

Օրինակ, Էնդրիկը լավ դրսևորեց իրեն «Տալավերայի» դեմ խաղում, քանի որ նա ազատ գոտիներ էր ստեղծում Մբապեի համար։ Մենք կարող ենք ճեղքել մրցակիցների ցածր բլոկը կարճ պոռթկումների շնորհիվ, որպեսզի ազատ տարածություն ստեղծենք Վինիսիուսի, Բելինգեմի և Կիլիանի համար։ Բացի այդ, մենք պետք է համադրենք ֆուտբոլիստների անհատական հմտությունները։

«Վնասվածք ստացածներից ով կկարողանա խաղալ «Սևիլիայի» դե՞մ։ Դեռ չեմ կարող ասել։ Վաղը մարզում կանցկացնենք և այնտեղ կտեսնենք»։

«Արդյո՞ք անհանգստացած եմ Վինիսիուսի անգոլ շարքով։ Մենք քննարկում և աշխատում ենք դրա վրա։ Ես կասկած չունեմ, որ շուտով Վինիսիուսը կսկսի գոլեր խփել, և հուսով եմ՝ դա տեղի կունենա հենց վաղը»։

«Արդյո՞ք ատում եմ մամուլի ասուլիսները։ Ո՛չ, ես դրանք համարում եմ իմ աշխատանքի մի մասը։ Ես հարցազրույցների հետ կապված ոչ մի խնդիր չունեմ»։